Բաղրամյան համայնքի ղեկավարը համայնքին պատճառել է շուրջ 62 մլն դրամի վնաս. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։ Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով և կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։
Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 միլիոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով: