24.11.2024
Երևանում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը
prev Նախորդ նորություն

Սորոսական ցանցը փորձում է իր հսկողության տակ վերցնել ԱԱԾ-ն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ կոչ են արել իրականացրել ԱԱԾ համակարգի արմատական մաքրման եւ բարեփոխման գործողություններ:


Սորոսական հայաստանյան ցանցը թավշյա հեղափոխությունից հետո ազդեցիկ դիրքեր է գրավել կառավարությունում, ԱԺ-ում, այլ պետական կառույցներում՝ ունենալով իր շահերը սպասարկող գրանտակեր ԶԼՄ-ներ, իսկ այժմ նրանք ցանկանում են կազմաքանդել կամ իրենց համար հարմարավետ ԱԱԾ ստեղծել, որը կզբաղվի նախկին իշխանությունների ձերբակալություններով և զերծ կմնա սորոսական ցանցի անդամների մասին տեղեկություններ հրապարակելուց և նրանց գործունեության մասին հասարակությանն իրազեկելուց:


Լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և սորոսական ցանցը փորձում է պատերազմող երկրում, որն ունի բազմաթիվ ազգային անվտանգության հետ կապված սպառնալիքներ՝ կիսապատերազմական վիճակ Ադրբեջանի հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակում, չլուծված ղարաբաղյան հիմնահարց սկսել ԱԱԾ-ի պես կարևորագույն, բարդ և հասկանալի պատճառներով փակ կառույցի բարեփոխումներ:


Ինչպես կարող են ՀԿ-ները նախաձեռնել մի կառույցի բարեփոխումներ, որի մասին զրոյական տեղեկություններ ունեն. ԱԱԾ-ի վարկաբեկումը իրենց հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով ուղիղ հարված է ազգային անվտանգությանն ու ժողովրդի ֆիզիկական գոյությանը:


ԱԱԾ տարիներ շարունակ կատարում է հետախուզական, հակահետախուզական և այլ կարևորագույն գործառույթներ և այժմ, երբ երկիրը կանգնած է Ղարաբաղում նոր պատերազմի շեմին, գնալ այդպիսի կարևորագույն կառույցի չմտածված և արագ բարեփոխմանը կնշանակի այդ կառույցը զրկել պրոֆեսիոնալ կադրերից, որոնք իհարկե կապված են դեռևս խորհրդային ԿԳԲ-ի հետ և ԱԱԾ-ն լցնել գրանտակեր, Արևմուտքում ուսում ստացած և Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից վերբովկա եղած կադրերով:


Սորոսական հայաստանյան ցանցը մոբիլիզացվեց այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Սորոսի գրասենյակի գործունեությունն իր մեջ սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի ազգային անվտանգության համար:


Հայաստանի պես երկրում, որտեղ ուժային, հատուկ ծառայությունները կարևորագույն դեր են խաղում ու ապահովում են պետության բնականոն աշխատանքը, տարբեր գրանտակեր կազմակերպությունների պատվերով իրականացնել կադրային ջարդ կամ լրջագույն փոփոխություններ ուժային կառույցներում կարող է դառնալ Ադրբեջանի համար հարմար առիթ հարձակման համար, քանի որ ԱԱԾ-ի կոլապսի պարագայում կթուլանա թե՛ պետության, թե՛ բանակի մարտունակությունը: