23.11.2024
Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ
prev Նախորդ նորություն

«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը աճուրդով կօտարվի

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը աճուրդով կօտարվի: Համապատասխան որոշումն այսօր ընդունեց ՀՀ կառավարությունը:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի խոսքով, նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:


«Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է»,- նշեց Բադալյանը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:


2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ 7 535 889 000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը: