Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանի խոսքով՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:
Նախօրեին հարցազրույցում Կոստանյանը նշել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով: Նա ասել էր, որ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան: