25.11.2024
Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
prev Նախորդ նորություն

Վճարիր 10 մլն դրամ և բանակում ծառայիր 1 ամիս. պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք ընդունել՝ համաձայն որի քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 մլն դրամ և բանակում ծառայի 1 ամիս: Նախագծով առաջարկվում է ծառայությունը ևս 23 ամիս շարունակել ցանկացող քաղաքացուն գումարը հետ ստանալու հնարավորություն տալ:


Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարացնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը:


«Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարն, կգնեն տներ, կաշխատեն և նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում»,- ասվում է օրենքի նախագծում:


Նշվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք: Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում կներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:


Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը, ըստ նախագծի, կարող է դիմում ներկայացնել այդ երկրում ՀՀ դիվանագիտական ծառայություն, հյուպատոսական հիմնարկ: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո այն կփոխանցվի պաշտպանության նախարարությանը:


Անձը հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանված վճարը մուծել պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին: