24.11.2024
Ղարաբաղյան հակամարտությունը փակուղում չէ. Մնացականյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կեղծ օրակարգերը շեղում են հանրությանը պանթուրքիզմի վտանգից

Հայաստանի ներքաղաքական կյանքում ամեն օր ականատես ենք լինում կեղծ օրակարգերի, որոնց շուրջ տեղի են ունենում հանրային, քաղաքական և փորձագիտական քննարկումներ՝ սեռական փոքրամասնությունների պաշտպանություն, Ստամբուլյան կոնվենցիա, Սահմանադրական դատարանի շուրջ առկա խնդիրներ և այլն: Սակայն այս կեղծ օրակարգերի քննարկումը շեղում է հանրության ուշադրությունը ՀՀ-ին ու Արցախին սպառնացող թիվ մեկ վտանգից՝ պանթուրքիզմի գաղափարախոսությունից:

Թուրքիան դարեր ի վեր պանթուրքիզմն օգտագործում է թուրքալեզու ժողովուրդներին իր շուրջ համախմբելու համար՝ փորձելով կառուցել Մեծ Թուրան, որը պետք է ընդգրկի թուրքալեզու բազմաթիվ ժողովուրդների և պետությունների: Այդ նոր Օսմանյան կայսրության կառուցման ճանապարհին Անկարային խանգարում է ՀՀ-ն ու Արցախը՝ թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական առումներով, որոնք «բաժանել են» թյուրքական աշխարհը երկու մասի՝  մի կողմում թողնելով Թուրքիան է, իսկ մյուս կողմում Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներն ու ժողովուրդները:


Պանթուրքիզմի ռազմավարության շրջանակներում արդի պատմության ընթացքում, սկսած 1988 թ.-ից, Ադրբեջանի տարածքում իրականացվել են հայերի էթնիկ զտումներ՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիա, ինչի հետևանքով Ադրբեջանը կարողացավ իր տարածքից վտարել հայկական տարրը: 100 տարի առաջ դա արել էր Օսմանյան Թուրքիան՝ Հայոց ցեղասպանության միջոցով դատարկելով Արևմտյան Հայաստանն ու կայսրության տարբեր քաղաքներ և գյուղերը հայերից:

Չմոռանանք, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Թուրքիան ռազմա-քաղաքական մեծ աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, որը պետք է գրավեր Ղարաբաղը՝, էթնիկ զտումներ իրակացներ այնտեղ և այնուհետև հարձակվելով Զանգեզուրի վրա՝ ցամաքային միջանցք ստեղծեր Նախիջևանի հետ: Պետք է ձևավորվեր թյուրքական տրանսպորտային միջանցք  Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Ղարաբաղ-Ադրբեջան ուղղության վրա, ինչը չիրականացավ ղարաբաղյան պատերազմում հայերի միասնականության և հաղթանակի շնորհիվ:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, պանթուրքիզմը դարձնելով արտաքին քաղաքականության ուղենիշներից կարևորագույնը, շարունակում է հակահայկական քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ ցանկանալով չեզոքացնել հայկական տարրն այս տարածաշրջանում և միավորվելով դառնալ մեկ միասնական թյուրքական, ազգայնական պետություն, որն էլ սպառնալու է թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի տարածքային ամբողջականությանը:

Թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնելով ՀՀ-ի ու Արցախի բլոկադան և ՀՀ-ն դուրս թողնելով տարածաշրջանային բոլոր նախագծերից, ցանկանում է հասնել Հայաստանի հայաթափմանն արտագաղթի միջոցով, իսկ Ադրբեջանը, կրակելով հայկական սահմանամերձ գյուղերի և Արցախի ուղղությամբ, փորձում է այդ կերպ հասնել տեղի հայության արտագաղթին տարածաշրջանից:


Հայաստանի վրա կախված է թուրք-ադրբեջանական նոր հարձակման վտանգը, ինչի հետևանքով կարող է իրականացվի հայերի վերջնական բնաջնջում և պանթուրքիզմի ռազմավարության կյանքի կոչում:

Պանթուրքիզմի և հայերի բնաջնջման ռազմավարության զսպող հիմնական գործոնը ՌԴ-ՀՀ ռազմավարական դաշինքն է և ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը: ՌԴ-ի և ռուսական զորքերի ներկայության դեմ տարբեր արևմտամետ գրանտակեր կազմակերպությունների հարձակումներն ուղիղ հարված են ՀՀ-ին ու Արցախին՝ հայ ազգի ֆիզիկական գոյությանը:

Ռուսական զորքերի դուրս բերումը ՀՀ-ից միայն արագացնելու է թուրք-ադրբեջանական միասնական հարձակումը Հայաստանի վրա: Բաքուն հարձակվելու է Արցախի վրա, իսկ թուրքերը՝ Նախիջևանից ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի ու Զանգեզուրի վրա՝ այդ կերպ փորձելով իրականացնել իրենց դարավոր երազանքը և ստեղծել Մեծ Թուրան: