Ղարաբաղյան հակամարտությունը փակուղում չէ. Մնացականյան
Որևէ փակուղի չկա, մենք շարունակում ենք աշխատել, հանգիստ ու սառնասիրտ աշխատել, քանի որ սա վերաբերում է մեր, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղության հաստատելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտությունը փակուղի է մտել:
«Զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ: Մենք թիրախային ու նպատակադրված աշխատում ենք բանակցային գործընթացում: Հայկական կողմը երբևէ չի ձգձգել գործընթացը, ավելին՝ նպաստել է դրա բարեհաջող ընթացքին»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա շուտով: Ինչպես նաև նշեց, որ երկրների ղեկավարների մակարդակով ներկայիս պահի դրությամբ հանդիպում թեև չի ծրագրվում, բայց դրա հնարավորությունը չի բացառվում:
«Կան որոշ պայմանավորվածություններ ու գաղափարներ՝ երկրի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ: Այդ առումով գործ ունենք անելու և ամենակարևորն այն է, որ այդ գործի մեջ մենք ունենք մեր հստակ ուղղվածությունը՝ ապահովել այնպիսի ձևաչափ, դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները: Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը ստանա ավելին, իսկ մյուս կողմը՝ ոչ: Սա փակուղի է տանելու»,- հավելեց նա: