Սա նման է ահաբեկչական գործողության. Կարապետյանի փաստաբան
Երեկ ՀԷՑ-ի լիցենզիան ապօրինի կերպով դադարեցվեց, ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ ասվում է՝ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը տարակուսած է՝ գնալո՞ւ են Երևան քրեակատարողական հիմնարկում բանակցեն.«Անկեղծորեն եմ ասում՝ սա որոշակի իմաստով նման է ահաբեկչական գործողության։ Ի վերջո, ահաբեկիչներն են մարդուն պատանդ պահում։ Եթե մենք խոսում ենք իրավական պրոցեսի մասին, ապա այստեղ իրավական պրոցես չկա՝ առաջին իսկ օրվանից։ Սա, ի վերջո, կոչվում է դատարան, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ արդարադատության բովանդակությունը կանխորոշվում է «Հայկական ժամանակ»-ի նյութով։ Ի դեպ, հաջորդ նիստից առաջ խնդրելու եմ, որ գործընկերներս կապ հաստատեն «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ, փորձեն հասկանալ, թե ինչ հրապարակումներ են լինելու, ըստ դրա, մեր գործողությունները որոշենք։ Օրինակ, ՀԾԿՀ-ի որոշումը դեռ չկար, սակայն իշխանական լրատվամիջոցները գրում էին, որ ՀԷՑ-ին զրկելու են լիցենզիայից»։
Փաստաբանը շեշտեց՝ այսօր ականատես են եղել իրավական ծաղրի.«Մարդը եկել էր Հայաստան իր հոր քառասունքին մասնակցելու համար։ Բոլորս էլ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք և լավ գիտենք, որ մարդ ենք կորցնում, այդ Նոր տարին ինչ խորհուրդ է պարունակում, այդ թվում՝ գերեզմաներ գնալու։ Եվ նշված հանգամանքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է, քննիչը պնդում է, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, իսկ դատավոր Սարգիս Դադոյանը նշվածը հաստատում է, ես դրանից հետո բան չեմ ուզում խոսել»։