«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքները կներկայացվեն դատարան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց «Մարտի 1»-ի գործով 2022 թվականից առ այսօր իրականացված գործողությունները՝ ընդգծելով քրեական վարույթի ընթացիկ զարգացումները։
ԱԺ-ի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքի պաշտպանությունն ու պետական շահերի պաշտպանությունը շարունակվում են տարբեր իրավական գործընթացների շրջանակում։ Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականին հակասահմանադրական էր ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը («սահմանադրական կարգը տապալելը»), ինչի հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին դատարանը դադարեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ «Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- ասաց նա՝ հավելելով, որ գլխավոր դատախազը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ստորադաս ատյանների որոշումները։
Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ վճռաբեկ դատարանը 2022 թվականին ընդունել էր բողոքը վարույթ, իսկ 2024 թվականի հունվարի 19-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարության մի շարք նորմերի սահմանադրականության հարցով։ ՍԴ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ հաստատվել է, որ մեղադրողը կարող է փոխել մեղադրանքի իրավական որակումը՝ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։«Եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- նշեց Վարդապետյանը։
Հաջորդելով այս մոտեցմանը՝ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերին բեկանել է նախորդ դատական ակտերը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ ՍԴ որոշումից և Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից հետո, 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողը փոխել է մեղադրանքի իրավական որակումը։ «2024 թվականի հոկտեմբերի 11-ին կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին՝ նախկին 300.1 հոդվածով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու և նոր՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ»,- ասաց Վարդապետյանը։
«2025 թվականի նոյեմբերի 24-ին դատարանը հանրային մեղադրողին ժամկետ է տրամադրել նշված որոշումները Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Առաջիկայում փոփոխված մեղադրանքները կներկայացվեն դատարան»,- ասաց նա։ 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ-ն որոշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրյանը և Արմեն Գևորգյանը, չի համապատասխանում Սահմանադրությանը, որից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։