18.11.2025
Հայաստանի էներգետիկայի աշխարհաքաղաքական գործընթացը
prev Նախորդ նորություն

Աղոթքի նախաճաշը Հայաստանում․ քաղաքականության փոխազդարարման «հոգևոր» բեմահարթակ

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված և իրականացված «Աղոթքի նախաճաշը» իր բնույթով չի կարելի ընկալել սոսկ կրոնական արարողություն։ Այն ձևավորվել է քաղաքականության, հանրային կերպարի ձևավորման և իշխանական ռազմավարության խաչմերուկում՝ այնպիսի նպատակներով, որոնք զգալիորեն ավելի լայն ու հեռու գնացող են, քան կարող է ստեղծել հրապարակային տպավորությունը։


Նիկոլ Փաշինյանը այս ձևաչափը ներմուծել է Հայաստան ոչ թե որպես ավանդույթի շարունակություն, այլ որպես քաղաքագիտական գործիք՝ ներսի և դրսի լսարանների համար իշխանական լեգիտիմության նոր հիմք ստեղծելու նպատակով։


1․ Ինչու՞ հենց հիմա․ նոր «բարոյական» պատկերի որոնու՞մ


ԱՄՆ-ում ծնված այս ձևաչափի բնօրինակը միտված էր համեստ, փակ, երկկուսակցական հոգևոր երկխոսությանը։ Հայաստանյան տարբերակը, սակայն, լիովին այլ միջավայրում է հայտնվում։


2026թ․ ընտրական գործընթացներն արդեն սկսում են ձևավորվել, իսկ իշխանության քաղաքական կապիտալը լուրջ ճեղքեր ունի․ պատերազմում պարտության երկարատև ստվերը, տարածքային կորուստները, հասարակական վստահության անկումը և աճող հանրային ու քաղաքական պառակտվածությունը։


Այս պայմաններում Փաշինյանի թիմը փորձում է տեղափոխել քաղաքական մրցակցությունը այլ հարթություն՝ բարոյական առաջնորդության դաշտ, որտեղ հարցը այլևս միայն ծրագրերը չեն, այլ՝ «արժեքները», «խաղաղությունը», «քաղաքակրթական ընտրությունը»։


Աղոթքի նախաճաշը, ըստ էության, դարձավ այդ բեմի առաջին արարը։


2․ Արևմուտքի համար ուղերձ․ «Հայաստանը քրիստոնյա, խաղաղ, արևմտյան արժեքներ կրող երկիր է»
Արտաքին քաղաքականության վերջին շրջանը ցույց է տալիս, որ Հայաստանը արագ վերադասավորման իմիտացիա է անում։ Փաշինյանի համար այս միջոցառումը նաև արտաքին քաղաքական հայտարարություն է, որի ենթատեքստը պարզ է․ Հայաստանը այլևս ոչ միայն հեռանում է Ռուսաստանից, այլ անում է դա քաղաքակրթական ընտրության լեզվով։
Աղոթքի նախաճաշը նրա համար խորհրդանշական կամուրջ է՝ դեպի Վաշինգտոն, Բրյուսել և արևմտյան քաղաքական դաշտ, որտեղ նման ձևաչափերը ընկալվում են որպես «ցածրաձայն, բայց կարևոր» ազդակներ արժեքային նույնականացման մասին։


3․ Ներքին լսարանին ուղղված հաղորդագրություն․ «Ես ոչ թե քաղաքական, այլ հոգևոր ու բարոյական առաջնորդ եմ»
Ներքաղաքական դաշտում Փաշինյանի նպատակը նույնքան պարզ է՝ նա փորձում է իրեն վերագրել ոչ միայն պետական, այլև արժեքային և բարոյական իշխանություն։ Այսինքն՝ ներկայացնել իրեն ոչ թե որպես սովորական քաղաքական գործիչ, այլ որպես «հոգևոր-քաղաքական բարեփոխիչ», որը պետության նոր քաղաքակրթական ուղու կրողն է։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում է գլխավոր հակասությունը։


4․ ՀՀ իշխանություն — Հայ Առաքելական Եկեղեցի հակադրություն․ խզում, որը փորձում են ներկայացնել որպես «բարեփոխում»


Աղոթքի նախաճաշը ինքնին չի կարող անտեսել այն ֆոնը, որի վրա այն կազմակերպվում է։ Ի վերջո, սա տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունը բացահայտ հակասության մեջ է Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Մենք տեսել ենք ճնշումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, քրեական գործեր բարձր դասի, և, առհասարակ՝ հոգևորականների նկատմամբ, փորձեր՝ նվազեցնել Եկեղեցու ազգային դերակատարումը,, ինչպես նաև քարոզչական հարձակումներ՝ «միջնադարյան», «այլասերված» կամ «կոռումպացված» պիտակներով։


Այժմ ներկայացվում է նոր ձևակերպում․ «Մենք քրիստոնեության դեմ չենք, մենք պարզապես մաքրում ենք այն մութ ազդեցություններից»։


Սա ոչ թե կրոնական, այլ քաղաքական դիրքավորում է, որի նպատակը պարզ է՝ պետականորեն ձևավորել այլընտրանքային հոգևոր հարթակ, որը դուրս է Էջմիածնի ազդեցությունից և ավելի կառավարելի է։


Աղոթքի նախաճաշը հենց այդպիսի հարթակ է․ փափուկ, գլոբալ, էկումենիկ և քաղաքականապես անվտանգ։


 5․ Ինչ է իրական նպատակը՝ երեք առանցքով


Այս ամենի միաձուլմամբ ձևավորվում է թերևս վերջին տարիների ամենաբարդ քաղաքական կոնստրուկցիան, որի երեք առանցքներն են․
 1) Արտաքին քաղաքականություն՝ ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև «քրիստոնեական քաղաքակրթության» անդամ է։


2) Ներքին քաղաքականություն՝ վերագտնել կորցրած լեգիտիմությունը ոչ թե պետական արդյունավետության, այլ «բարոյական առաջնորդության» միջոցով։


3) Ընտրական ռազմավարություն 2026-ի համար՝ ներկայանալ ոչ թե որպես պատերազմի հետևանքների պատասխանատու ղեկավար, այլ որպես «բարոյական վերափոխման» խորհրդանիշ։


Այսինքն՝ փոխարինել կառավարման արդյունքները՝ հուզական-արժեքային օրակարգով։


Եզրակացություն․ սա աղոթք չէ, այլ իշխանության նոր հայեցակարգ


Աղոթքի նախաճաշը Հայաստանում փաստացի ռազմավարական միջոցառում է, որը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։ Մասնավորապես, այն մեղմացնում է իշխանության հակակղերական իմիջը, շրջանցում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հեղինակությունը, ներմուծում է նոր, վերահսկելի «հոգևոր ձևաչափ» և նախապատրաստում է Փաշինյանի քաղաքական կերպարի վերամեկնարկը՝ 2026-ի համար։


Հետևաբար, որքան էլ միջոցառման անվանումը կրոնական հնչերանգ ունի, դրա բովանդակությունն ամբողջովին աշխարհիկ է ու քաղաքական։ Այլ կերպ ասած՝ այստեղ ավելի քիչ աղոթք կա, և շատ ավելի՝ իշխանական հաշվարկ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան