Ստամբուլում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ:
ԱԺ–ից հայտնում են, որ այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջեւ կառուցողական երկխոսության կարեւորությունը: