23.11.2024
Ազգային ժողովն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
prev Նախորդ նորություն

Վարչապետը մարդկանց է ուղարկում ինձ մոտ, որ լռեմ. Վանեցյանի պաստախանը Փաշինյանին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր հասցեին հնչեցրած խիստ գնահատականներին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասել է Փաշինյանը:


Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին «Հրապարակ» թերթի միջոցով: Հենց այս թերթն առաջինը հայտնեց Վանեցյանի մոտալուտ հարաժարականի մասին, որը հետո հաստատեց Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ՝ ի դեպ պատասխանելով նույն թերթի լրագրողի հարցին:


Այսպիսով, Արթուր Վանեցյանը, որը համաձայն համացանցում տարածված լուսանկարի ու լուրերի, վերջին շրջանում եղել է Մոսկվայում եւ հանդիպել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածները:


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով», - ասել է Վանեցյանն ու հավելել, որ Փաշինյանը տարված է հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ:


«Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է», - ասել է նա։


«Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։


Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:


Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:


Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:


Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։


Պատիվ ունեմ», - հավելել է Վանեցյանը՝ նշելով, որ իր հետագա պլանների մասին կխոսի առաջիկայում։