Ազգային ժողովն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորություններն առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին: Նախատեսվում է, որ ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թվականի 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները: Կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ:
Նախաձեռնությամբ պետությունը հարկ վճարողներին կվերադարձնի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած 56 միլիարդ դրամ գումարի պարտքը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտաշես Պետրոսյանը:
Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը Կառավարությանն առաջարկել է հրապարակել այն խոշոր տնտեսվարող կազմակերպությունների տվյալները, որոնց գումարներ են վերադարձվելու պետական բյուջեից: Պատգամավորն առաջարկել է տվյալները խորհրդարանին տրամադրել նախագծի քվեարկությունից առաջ:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները նշել են, որ հետեւողական են լինելու պետական բյուջեից գումարների վերադարձի հարցում՝ հատկապես, եթե դրանք փոխանցվելու լինեն քրեական հետապնդման մեջ գտնվող կազմակերպություններին:
Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է 92 կողմ ձայներով:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: