Ես ունեմ տվյալներ, որ հարկ վճարողներին վերադարձվելիք ԱԱՀ դեբետային գումարների զգալի մասը՝ մոտ 1,5 մլրդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, եւ, ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, որոնց կազմակերպությանը եւ վերադարձնելու ենք այդ գումարները։
Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում շարունակում է քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր անցած ուրբաթ՝ պատգամավորների 92 կողմ ձայներով, գրում է ՀԺ-ն։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ այս ընթացքում՝ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում, պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել։
Մանե Թանդիլյանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց, որ, ի հեճուկս այն հանգամանքի, որ անցած նիստին շատ պատգամավորներ պնդում էին հանրայնացնել այն խոշոր տնտեսվարողների ցանկը, որոնց վերադարձվելու են դեբետային գումարները, դա տեղի չունեցավ, եւ այդ ցանկը մնաց գաղտնի։ Թանդիլյանը պնդեց, որ պետք է իմանալ՝ բյուջեից ում են վերադարձնում գումարները․
«Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարների զգալի մասը՝ մոտ 1,5 մլրդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, եւ, ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, որոնց կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները։ Եւ ես ունեմ տվյալ, որ սա միակը չէ։ Ես պնդում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է որոշում կայացնենք՝ դադարեցնել այս քվեարկությունը, եւ առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել՝ ովքեր են այն տնտեսվարողները, որոնց վերադարձվում են այդ գումարները»,- ասաց Թանդիլյանը՝ պնդելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի պատգամավորներին՝ քվեարկությունից առաջ․
«Այդ տեղեկատվություը պետք է լինի հասանելի, այլապես չենք կարող քվեարկել»,- շեշտեց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց նախագծի քվեարկություն, սակայն վարման կարգով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն վերցնելով 20 րոպե ընդմիջում։
Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության «հնի» եւ «նորի» որեւէ տարանջատում չդնելով: Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների նկատմամբ: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ: Պետությունը նախատեսում է մինչ տարեվերջ վերադարձնել այդ 2571 տնտեսվարողների՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդները: