Անցած տարվա «թավշյա հեղափոխությունից» շուրջ մեկ ու կես տարի անց ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մինչ օրս կառավարող «Իմ քայլը» դաշինքին եւ վերջինիս առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատում էին համացանցային «լայվերի», գրառումների ու երբեմ էլ հանրային միջոցառումների միջոցով, այժմ արդեն հայտարարում են նոր քաղաքական ուժի հիմնադրման մասին:
Այսօր, սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համաժողովը: Կուսակցույթան ղեկավար է ընտրվել Արթուր Դանիելյանը: Նոր քաղաքական ուժի ղեկավարը, որը ժամանակին Փաշինյանի քաղաքական զինակիցներից է եղել, լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը»:
«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա: Ինձ թվում է` ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտիվացնելու համար եւ Հայաստանը այդ հեղափոխությունը առաջնորդելու համար: Օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին»,- ասաց նա՝ դժվարանալով ասել, թե կկարողանան այս պահին համագործակցել, թե` ոչ, բայց եթե լինի համագործակցություն այն կլինի գաղափարական հենքի վրա:
Հայաստանի մեդիադաշտի մեծ մասին տիրապետող Միքայել Մինասյանի նկատմամբ իր քաղաքական համակրանքը չթաքցնող Արթուր Դանիելյանն այնուամենայնիվ նշում է, որ «Ադեկվադ» կուսակցությունը այս պահին չի համագործակցելու որեւէ քաղաքական ուժի հետ:
Վերջին շրջանում Միքայել Մինասյանը նկատելի ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի հանրային կյանքում: Նա հանդես է գալիս իշխանությանը քննադատող հարցազրուցներով, հոդվածներով ու Facebook-յան գրառումներով: Շաբաթներ առաջ մասնավորապես նա հայտնեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալման մասին, որը սակայն դեռեւս տեղի չի ունեցել: Ավելին՝ Հատուկ քննչական կոմիտեից հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ում հարուցված որեւէ գործով որպես մեղադյալ չի անցնում:
Ավելին՝ VERELQ-ի տեղեկություններով, այժմ ոչ իշխանական քաղաքական ուժերը շարունակում են կունսուլտացիաներն այս աշնանը նոր քաղաքական դաշինքի կամ ճակատի ձեւավորման համար: Այն սկզբնական շրջանում կարող է չունենալ ֆորմալ, միասնական դաշինքի տեսք, սակայն ոչ ընդդիմադիր ճակատում ընդգրկվածները գործելու են փոխհամաձայնեցված: Այդ դաշինքում ընդգրկվելու են ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր: Քաղաքական ուժերից նշվում է ՀՀԿ-ի եւ «Թավշյա հեղափոխությանը» վերջին պահին միացած, այնուհետեւ իշխանության դաշտը լքած ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասին:
Առանձին թեւ է ձեւավորում նախկին նախագահ, այլժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որը շուտով կարող է հայտնվել ազատության մեջ: Նա ունի արդեն աջակցողների որոշակի խումբ: Նման խմբեր են ձեւավորվում Երեւանի տարբեր թաղամասերում եւ մարզերում: Դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնց ներգրավում են Ռոբերտ Քոչարյանին աջակիցների շարքերը տարբեր մեթոդներով, այդ թվում ֆինանսական աջակցությամբ:
Գործընթացն ունի նաեւ բավականին զգալի մեդիա աջակցություն: Ընդդիմության առաջնորդները տիրապետում են ազդեցիկ մեդիա ռեսուրսների՝ հեռուստատեսություն, լրատվական կայքեր, ռադիո:
Ընդդիմադիր դաշտում խորքային, շատ հաճախ չերեւցող, բայց կարեւոր գործընթացներ են տեղի ունենում: Հիմնական դերակատարներն այժմ կազմակերպչական աշխատանքներ են տանում, շուտով, ամենայն հավանականությամբ կսկսվի նաեւ ընդդիմադիր ճակատի բրենդավորման ու լիդերների հանրայնացման գործընթացը: Կկարողանա՞ն արդյոք նրանք ցնցել Նիկոլ Փաշինյանի այժմյան բավականին ամուր քաղաքական դիրքերը, դառնալ քաղաքական բեւեռ, ցույց կտա ժամանակը: