Արդեն 1,5 տարի Հայաստանը համառորեն փորձում է ամրապնդել իր պետականությունը։ Մոսկվան դրա դեմ է։ Եթե Մոսկվան ապրիլյան պատերազմով չկարողացավ որևէ արդյունքի հասնել, հիմա էլ չի հասնելու։ Մենք պետք է ստեղծենք տնտեսություն, հարաբերությունների մի համակարգ, որ Ռուսաստանի կարիքն այդքան չունենանք, կախվածությունը պետք է նվազեցնել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:
ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ակտիվացել են տարբեր հակառուսական էլեմենտներ և գործիչներ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի անհիմն, չփաստարկված քննադատությամբ ու փորձում ի դեմս ՌԴ-ի ձևավորել արտաքին թշնամու կերպար ու բոլոր մեղքերը բարդել Մոսկվայի վրա:
ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, ապահովում է ՀՀ-ի անվտանգությունն՝ հայ-թուրքական սահման և հայ-իրանական սահման, ինչպես նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Բացի այդ, ՌԴ-ն արտոնյալ պայմաններով զենք է վաճառում ՀՀ-ին, ռուսական շուկան բաց է հայկական արտադրանքի համար, իսկ ՌԴ-ից տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների տրանսֆերտներ են ուղարկվում ՀՀ՝ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների կողմից:
Բացի այդ, ռուսական գազը նույնպես արտոնյալ, ոչ եվրոպական գներով է վաճառվում հայ սպառողներին: Հայ-ռուսական հարաբերությունների խորության մասին կարելի է անվերջ գրել, սակայն չնայած դրան՝ ՀՀ-ում հայտնվում են կուսակցություններ և գործիչներ, որոնք չգիտակցելով հայ ժողովրդի գոյության համար թուրք-ադրբեջանական տանդեմի իրական վտանգի մասին փորձում են հարվածել հայ-ռուսական կապերին ու այդ կերպ սպասարկում են Արևմուտքի շահերը: Ռուսաֆոբ տրամադրությունների տարածումը, այն էլ այսօրվա գեոպոլիտիկ լարված իրավիճակում, սպառնալիք է ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգությանը:
Բացի այդ, փորձ է արվում ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա և սա այն պարագայում, երբ Արցախի դեմ ագրեսիան սկսել է Ադրբեջանը, իսկ ռուսական կողմը միջնորդ է հանդիսացել ու դադարեցրել ռազմական գործողությունների շարունակությունը՝ չթողնելով, որպեսզի պատերազմը դառնա լայնամաշտաբ: ՀՀ-ում մի շարք գործիչներ և ուժեր փորձում են հակառուսական ալիք բարձրացնել ու արհեստական, չփաստարկված և ֆեյք մեղադրանքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին՝ ապրիլյան քառօրյայում ռուսական հետք գտնելու փորձերի շրջանակներում:
Իրենց քաղաքագետ համարող գործիչները խոսում են ՌԴ-ից տնտեսական կախվածության թուլացման մասին այն պարագայում, երբ ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ առևտրա-տնտեսական գործընկերն է ու սպառման շուկան, իսկ հայկական տնտեսությունը կախված է ռուսական ներդրումներից, գազից, տրանսպորտային լոգիստիկայից: Եվ բացի այդ, Հայաստանը գտնվում է ՌԴ-ի հետ միասնական տնտեսական գոտում՝ ԵԱՏՄ-ում:
Թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահման ունենալով, իսկ հարավում նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի առկայության պայմաններում ինչպե՞ս կարող է Հայաստանը նվազեցնել տնտեսական կախվածությունը ՌԴ-ից՝ այդ գործիչներն իհարկե չեն ասում, քանի որ իրենք էլ չունեն պատասխաններ: Նրանց նպատակն է միայն քննադատել Ռուսաստանին ու այդ կերպ տեղավորվել արևմտամետ քաղաքական գործիչների դաշտում՝ ստանալով ֆինանսական և այլ աջակցություն:
Ռուսաֆոբիան ՀՀ-ում ազգային անվտանգությունը խաթարող երևույթ է և թիվ մեկ դաշնակցի դեմ անհիմն քննադատությունը միայն ջուր է լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ու սպասարկում Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գեոպոլիտիկ շահերը: