25.11.2024
Ուսանողները կկարողանան վճարել ուսման վարձը եկամտային հարկից. օրինագիծը մշակվում է
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանի ու ժողովրդի Հայաստանները. անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մա­սին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում՝ տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին: Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կի­սամյակում նախորդ տարվա նույն ժամանա­կամիջոցի համեմատ Հայաստանի թանգա­րանների այցելիությունն աճել է շուրջ 31 տո­կոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու: Ան­ցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատ­րոնների (թատերական կազմակերպություն­ների) հաճախելիությունը աճել է 41 տոկո­սով:


Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզա­պես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը: Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բա­ցատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանա­կան կապը իր կառավարության գործունեու­թյան հետ: Միթե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորու­մը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոց­ներով է խթանում այդ ամենը: Սրանք կոնկ­րետ հարցեր են, բայց դառնում են հռետո­րական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:


Համեմատականներ են անցկացվում այն­պիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգ­տին լիներ: Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երև­անը, որտեղ հենց կենտրոնացած է թանգա­րանների ու թատրոնների մեծ մասը, պար­զապես կաթվածահար վիճակում էր: Բնա­կանաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը: Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը, չբա­ցելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում: Իսկ համեմատու­թյունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:


Տպավորություն է, որ վարչապետը կոնկ­րետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերելու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերած­վել է մի տենդի: Վիճակագրական ծառայու­թյուններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյա­նը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում: Դա գիտակցե­լով՝ վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել՝ առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում:


Իսկ ահա անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է: Պարզվում է, որ 2019 թ. առաջին կիսա­մյակում տնտեսական ակտիվության ցուցա­նիշը նվազել է: Այդ մասին չնշելով՝ վարչա­պետը մի քանի ոլորտի աճի մասին է կրկին գրել: Նա գրել է, որ մշակող արդյունաբերու­թյունն աճել է 8,7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33,8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28,2%-ով, առևտ­րի շրջանառությունը՝ 8,9%-ով: Բայց, չգիտես ինչու, չի նշել, որ մոտ 8 տոկոսով անկում է ապրել գյուղատնտեսությունը, որը մեր երկ­րի ՀՆԱ-ում զգալի տեղ է զբաղեցնում: Նա լռում է, որ եթե հանում ենք ՀՆԱ-ից խաղադրույքների և ավտոմեքենաների ներմուծումը, որի ծավալները 2020 թ. կտրուկ կնվազեն ԵԱՏՄ-ի նորմերի պատճառով, ապա ՀՆԱ-ի աճը տատանվում է ընդամենը 3-4 տոկոսի սահ­մաններում»:


«Փաստ» օրաթերթը գրում է.  «Օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող այն բլոկը, որը համարվում է տերպետրոսյանական «գվարդիա», բավականին բուռն է վերաբերվել Փաշինյանի՝ օգոստո­սի 5-ի ստեփանակերտյան ելույթին, և հենց դրանով էին պայմանավորված սոցցանցերում ՀԱԿ ներկայացուցիչների հեգ­նական գրառումներն ու որոշակի քննա­դատությունները: Ըստ լուրերի, Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցա­խի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամ­բիոնից հայտարարեց, որ «Արցախը Հա­յաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկություն­ների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով: Թերթի կա­ռավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույ­թի որոշ առանցքային հատվածներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից և ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակ­ցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին և ամփոփվել են նաև վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսիջները: Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաև խմբակցությունում առկա բազմակարծության մասին, և որոշում կայացվել հետագայում առաջնորդվել և շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորնե­րը պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, և քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ կառավարու­թյան և իշխանության ներսում Ամուլսարի հարցում հա­կասությունները գնալով ավելի են թեժանում: «Իմ քայ­լի» պատգամավորների մի ստվար զանգված համառո­րեն համարում է, որ հանքը չպետք է շահագործվի, իսկ կառավարության մի շարք անդամներ, ինչպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, համարում են, որ իշխա­նությունը պետք է ավելի մեծ վճռականություն դրսևորի, կայացրած քաղաքական որոշումը իրականացնելու և հանքի շահագործման հա­մար բավարար պայմաններ ապահովելու համար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում կրակն են ընկել իրենց ապօրինի գործողությունների ձեռքը։ Մեկ շաբաթ է՝ զբաղված են կադրային ջարդի ապօրինի հետքերը վերացնելու գործով։ Նախօրեին ուշացած հրապարակեցին ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակի հավելվածը, որից պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի տարբերություն նախորդի, մեծացնում է իր գրասենյակը։ Եթե 2017-ին ԱԺ խորհրդի անդրանիկ նիստում որոշում ընդունվեց, որ Արա Բաբլոյանի աշխատակազմը պետք է բաղկացած լինի 6 հոգուց՝ նախկին 22-ի փոխարեն, ապա Արարատ Միրզոյանը որոշել է գրեթե կրկնապատկել այդ թիվը։ Նա կունենա 4-ական օգնական, խորհրդական, երկու ռեֆերենտ ու մեկ գործավար։ Ի դեպ, հիշեցնենք, որ Միրզոյանի ղեկավարած հիմնարկում մոտ մեկ տարի է՝ օպտիմալացումից են խոսում ու այդ նպատակով էլ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների գնացին, որպեսզի օպտիմալացնեն աշխատակազմը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», այսպիսի հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցե­րի նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել:  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխու­թյուններին: Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին, ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայա­ցուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:


Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի վերջո, նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին ուղարկեցինք գրավոր հարցեր, որին ի պատասխան՝ հաստատվեց մեր տեղեկությունը, որ Ստեփան Մաչյանը նախարարու­թյունում երկու պաշտոն ունի, և նա նախարար Բաթոյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է»


«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսից «քցվածներից» ևս մեկը պատրաստվում է դատական կարգով ստանալ իր գումարները։ Խոսքը «Սասունասար» շինարարական ՍՊԸ-ի մասին է։ Տնօրեն Անդրանիկ Ստեփանյանը փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կորոշի հայցում նշվելիք պահանջի չափը։ Դեռևս տարիներ առաջ՝ 2006-ին, Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթում նա հաղթել է, աշխատանքներ իրականացրել։ Նախահաշվով Մայր Աթոռը պարտավորվել է ընկերությանը վճարել 418 միլիոն 13 հազար 480 դրամ՝ Հայորդաց տան, և 84 միլիոն 967 հազար 300 դրամ՝ Սևանի վանական համալիրի բարեկարգման համար: 2010 թվականին հանձնվել են աշխատանքները, սակայն գումարի մի մասը չի վճարվել: Ըստ Ստեփանյանի՝ Մայր Աթոռն իրեն պարտք է մնացել մոտ 150 միլիոն դրամ, որից «անորակ աշխատանքների» գումարը հանել են, մնացել է մոտ 80 միլիոն: Հանձնաժողովը ներկայացրել է վճարման, սակայն Վեհափառը հրահանգել է՝ ոչ մի վճարում: Մենք տարիներ առաջ անդրադարձել էինք այս պատմությանը, որ «անորակ աշխատանքն ու թերացումներն» արձանագրում է կաթողիկոսը, ով անձամբ է ստուգում կատարված աշխատանքները․ «Մետրը ձեռը՝ կաթողիկոսն անձամբ ծունկը խփում էր գետնին, կռանում ու չափում պարկետը, ասում էր՝ ծուռ եք արել, անորակ է և վերջ»։ Ստեփանյանը պնդում է, որ անորակ աշխատանքի խնդիր չկար։ Նա տարիներ առաջ բաց նամակներ է ուղղել ՀՀ նախագահին, ԱԺ-ին, ՄԻՊ-ին, սակայն պատասխան է ստացել՝ եկեղեցու գործերին չենք խառնվում։ Դատարան չի դիմել շրջապատի խորհրդով։ «Դու ո՞վ ես, որ կարողանաս կաթողիկոսի վրա»,- ասել են մտերիմները։ Իշխանափոխությունից հետո գոտեպնդվել է ու վստահում է այն հավաստիացումներին, թե դատարանների վրա այլևս որևէ մեկն ազդեցություն չի գործում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին և հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Հավաքի նպատակն է եղել՝ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից և սիրաշահել ԱՄՆ-ին։ Մեզ ասացին, որ լուծումը գտնվել է, բայց դա, իհարկե, Սիրիայից զորախումբը հետ կանչելը չէ, քանզի այս դեպքում էլ Ռուսաստանի հետ խնդիր կունենանք։ ԱԳՆ-ից հերքեցին հանդիպման փաստը, մինչդեռ մեզ հայտնի են անգամ քննարկման մանրամասներ, որոնք չենք հանրայնացնում՝ ելնելով պետական շահից»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Հայաստան-Իրան առևտրային պալատի ներկայացուցիչներին, քննարկելով երկկողմ տնտեսական հարցեր, նաև ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին առնչվող թեմաներ: Այդ հարցերի շուրջ հայ-իրանական օրակարգը վաղուց հայտնի է և դրա կարևորության մասին խոսելը, այլևս, երևի թե ավելորդ է, և բոլորը սպասում են կոնկրետ արդյունքների և առաջընթացի՝ թե՛ երկկողմ, թե՛ ԵՏՄ-Իրան տիրույթում, ինչը կբխի նաև Հայաստանի շահից: Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպումը, սակայն, հետաքրքրություն է ներկայացնում մի ուշագրավ հանգամանքի ֆոնին: Մոտ մեկ ամիս անց Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ Վեհաժողովը, որին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Առայժմ պարզ չէ՝ ընդունվե՞լ է հրավերը, թե՞ ոչ, կգա՞ Իրանի նախագահը ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ Հայաստան: Իսկ կգա՞ն ԵԱՏՄ ղեկավարները Հայաստան, գիտենալով Իրանի նախագահի հնարավոր մասնակցության մասին, ինչը աննախադեպ նշանակալիություն է հաղորդելու Հայաստանում տեղի ունեցող ԵԱՏՄ Վեհաժողովին:Այս քաղաքական, այսպես ասած, ինտրիգներից զատ, խնդիրը, սակայն, ունի նաև հենց զուտ տնտեսական-օրակարգային համատեքստ, և մեծ հավանականությամբ Իրանի նախագահի մասնակցությունն ու Երևանում ԵԱՏՄ Վեհաժողովի այդօրինակ նշանակալիությունը կախված է նաև հանգամանքից, թե ի՞նչ առարկայականություն կարող է լինել հավաքի օրակարգում, այդ թվում՝ Իրանին հետաքրքրող՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և, թերևս, առաջին հերթին տնտեսական: Որովհետև քաղաքական շփումների տեսանկյունից Թեհրանը թերևս չունի երևանյան համաժողովից օգտվելու սուր անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, Իրանի նախագահը ԵԱՏՄ Վեհաժողովի առիթով Հայաստան կգա շատ կոնկրետ տնտեսական օրակարգի պարագայում և այստեղ հարց է, թե արդյոք Երևանին կհաջողվի՞ ձևավորել դա: Ուղիղ իմաստով, իհարկե, էկոնոմիկայի նախարարի և Հայաստան-Իրան առևտրի պալատի ներկայացուցիչների հանդիպումը գուցե թելադրված չէր այդ շարժառիթով, սակայն պետք է ենթադրել, որ այն կարող է Երևանի համար լինել իրանական տրամադրությունները և սլաքները ճշտելու ևս մեկ հնարավորություն՝ ԵԱՏՄ համաժողովից մեկ ամիս առաջ հավաքի օրակարգային նրբերանգները վերջնականապես հստակեցնելու և ամփոփ տեսքի բերելու, ըստ այդմ՝ Իրանի նախագահի մասնակցությամբ ԵԱՏՄ երևանյան Վեհաժողովի աննախադեպ իրողության հասնելու համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրու­թյուններ: Արցախյան քաղաքական ուժերը ոչ այդքան բացահայտ, սակայն փորձում են ազդեցություն ունենալ սպասվող գործընթացների վրա, հատկապես դա նկատելի է Ստեփանակերտ քաղաքում: Սակայն հաշվի առնելով այն հանգաման­քը, որ առաջադրված թեկնածուները հիմնականում ապաքաղաքական դեմքեր են (առաջադրված է հինգ թեկնածու), «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջիններս փորձում են հնարավորինս զերծ մնալ տար­բեր քաղաքական ուժերի ներգործություննե­րից, որովհետև համարում են, որ այս պա­հին քաղաքական ուժերի հեղինակությունը, մեղմ ասած, բարձր չէ, և նրանց սատարումն ու աջակցությունը կարող է իրենց դեմ աշխատել»: