Դավիթ Տոնոյանի ներքին համոզմամբ՝ հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է
Դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ, բայց անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկություններին, թե զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, Դավիթ Տոնոյանն ասաց.
«Դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Իմ ներքին համոզմոամբ նա ուղղակի մոլորվել է: Կոչ եմ անում Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,- նշեց Տոնոյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այդ հարցով դիմել է միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Հիշեցնենք, օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։