Կարևոր է, որ գաղտնի տեղեկատվության որևէ արտահոսք չպետք է լինի. Գրիգորյան
Քննչական մարմինները պետք է պարզեն, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ: Մեզ համար կարևոր է, որ գաղտնի տեղեկատվության որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև անվտանգություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, թեև կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իր, այլև՝ անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար, սակայն աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը և դրա վառ ապացույցը «Wikileaks»-ն է։
«Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այնպես որ գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, BBC-ն հրապարակած իր հոդվածում նշել էր, որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։