ՀՀ-ն չպետք է զիջի Ադրբեջանին լոգիստիկ մրցակցությունում
Այս տարվա 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի տարածքով՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքով տարանցվել է 25.1 միլիոն տոննա բեռ: Ավտոմոբիլային տրանսպորտով տարանցվել է ընդհանուր բեռների 65 տոկոսը, երկաթգծով՝24.9 տոկոսը, ծովային տրանսպորտով՝10.1 տոկոսը:
Ադրբեջանը վերածվում է կապող կամրջի` Արևելք-Արևմուտք ուղղությամբ ու նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է նաև տարանցիկ միջանցքի` թյուրքական աշխարհի համար:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալ կոնկրետ ֆինանսական օգուտներ՝ փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձելով:
Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։ Այդ միջանցքին հակակշիռ կարող է դառնալ Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցումը` ՌԴ–Վրաստան–ՀՀ–Իրան–Պարսից ծոց ուղղությամբ:
ՀՀ-ն չպետք է լոգիստիկ մրցակցությունում զիջի Ադրբեջանին և թույլ տա, որպեսզի իրականանա թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը՝ Հարավային Կովկասում ՀՀ-ին տրանսպորտային-էներգետիկ առումով մեկուսացնելը: