Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո անհատական հայրենադարձության կա, սակայն չկա հայրենադարձության հոսք:
«Հանրության համար պետք է պարզ լինի, որ հայրենադարձություն տեղի է ունենում, սակայն մենք՝ որպես պետություն, դեռ պատրաստ չենք այդ տասնյակ հազարավոր մարդկանց ընդունելու, այսինքն՝ պետք է ունենանք պետության զարգացման համապատասխան արագություն, պետք է ունենանք մարդկանց ընդունելու համապատասխան ծրագրեր և այս ամենի վրա, հավատացեք, այս պետությունն աշխատում է»,- ասել է Սինանյանը:
Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո նոր իշխանությունները խոսում էին տասնյակ հազարների հասնող ներգաղթի մասին, որը շուտով սկսվելու է և նոր Հայաստան են վերադառնալու նախկինում արտագաղթածները, ինչը հերթական միֆն էր ու պոպուլիստական հայտարարությունն այս կառավարության կողմից:
2018թ.-ից մինչև այսօր Հայաստանից շարունակվում է արտագաղթը տարբեր երկրներ՝ հիմնականում ՌԴ, քանի որ ՀՀ-ում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր, չկա սոցիալ-տնտեսական այն զարգացման մակարդակը, որը հայրենիքում կպահեր պոտենցիալ արտագաղթողներին:
Երկրում մեկ միլիոնի հասնող աղքատ բնակչություն կա և դա այն զանգվածն է, որը չնչին հնարավորության դեպքում արտագաղթելու է ՀՀ-ից ցանկացած ուղղությամբ:
Սինանյանն ինքն էլ խոստովանում է, որ Հայաստանն այս պահին պատրաստ չէ ընդունելու տասնյակ հազարավոր մարդկանց: ՀՀ-ն դա չի կարողանալու անել նաև մոտակա տասնամյակների ընթացքում, քանի դեռ հենց երկրի ներսում չի կարողացել ապահովել այն կենսամակարդակը, որպեսզի ՀՀ քաղաքացիները մնան երկրում: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսական բազիս:
Միֆ և պոպուլիզմ են այն հայտարարությունները, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Մոսկվայում բնակվող և բավականին մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող հայերը, որոնք վաղուց այդ երկրների քաղաքացիներ են, ունեն բիզնեսներ, աշխատանք, ընտանիքներ այդ երկրներում, բայց ամեն ինչ թողնելու են և թավշյա հեղափոխության էյֆորիայի պայմաններում վերադառնալու են Հայաստան, որտեղ առկա են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ:
ՀՀ-ն կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին՝ հայերը համարվում են ծերացող ազգ և դատարկվող գյուղերի ֆոնին պետք է մշակել ժողովրդագրական իրավիճակի շտկման հստակ ռազմավարություն՝ միլիոնավոր դոլարներ դնելով այդ ծրագրի հիմքում:
Այդ ծրագրի վրա պետք է աշխատեն սոցիոլոգներ, ժողովրդագրագետներ, տնտեսագետներ և դա պետք է լինի բազմաշերտ համալիր ծրագիր, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություն՝ ՀՀ գալու և բնակվելու հրավերի տեսքով: