11.09.2026
Զլոբին. Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է բարձրացնել Հայաստանի դերը
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է մասնակցել խաղաղապահ առաքելությանն Աֆղանստանում

Հայաստանը շարունակելու է իր հանձնառությունը՝ օժանդակել Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Այդ մասին հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից:

"«Վճռական աջակցություն» առաքելության մեկնարկից գրեթե մեկ տարի անց իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, պահպանվում են մարտահրավերները, իսկ կարողությունների բացը դեռ պետք է լրացնել: Աֆղանստանի ժողովուրդը շարունակում է զգալ մեր աջակցության կարիքը:

Աֆղանստանի կայունության համար շարունակական միջազգային աջակցությունը կարևոր է մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ իր ժողովրդի համար: Մենք համոզված ենք, որ դա նաև կարևոր փորձաքար է միջազգային կարողությունների տեսանկյունից՝ մարտահրավերները պատշաճ կերպով դիմագրավելու և լուծումներ գտնելու այն իրավիճակների համար, որոնք ունեն համընդհանուր նշանակություն: Հետևաբար, մեր առաքելության իրականացումը կհանդիսանա միասնական վճռականության և հաստատակամության լուրջ ազդակ՝ հանձնառություններ ստանձնելու և փորձելու լուծումներ գտնել անգամ ամենաբարդ խնդիրների համար", - նշեց Նալբանդյանը:

Անվտանգության սպառնալիքներն, ըստ Նալբանդյանի, ոչ միայն Աֆղանստանում, այլև անգամ այնպիսի վայրերում, որոնք միջազգային հանրությունը չէր էլ կարող նախկինում պատկերացնել, բացահայտ ցույց է տալիս, որ այս առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով կամ իրավիճակով, այլ խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք:

Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից և ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում, հավաստաեց նա:

"ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով օգնականը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և նրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների տեսանկյունից»: Հիրավի, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունն, ըստ էության, կապակցված է մյուսների հետ: Եվ նույնիսկ մեր սահմաններին առկա լարվածությունը երբեք չթուլացրեց վճռականությունը՝ մեր ներդրումը բերելու աշխարհում խաղաղության ամրապնդման գործում:

Հայկական զորախումբը 2016թ. ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տևական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը", - հավելեց նա:

Հայաստանը, նախարարի խոսքով, նաև կշարունակի իր աջակցությունն Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցությանը: "Մենք համոզված ենք, որ ի վերջո միասին հաջողություն կարձանագրենք՝ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, տարածաշրջանի և դրանից դուրս", - ասաց նախարար Նալբանդյանը։
Ադրբեջանում ահաբեկիչներին զրկելու են քաղաքացիությունից
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ