Վարդան Արամյանը պարզաբանեց` ինչո՞ւ է լքել ՀՀԿ-ն և ինչով է զբաղվելու
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը պարզաբանել է ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը և տեղեկացրել, որ դա չի նշանակում, թե նա որևէ պաշտոնի է անցնում գործող կառավարությունում.
«ՀՀԿ-ի իմ անդամակցության դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ. Կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին.
1. ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ոչ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ:
2. Ես Նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և հանդես եմ գալիս որպեսմիջազգային փորձագետ պետական ֆինանսների կառավարման գծով:
3. Միջազգային ֆինանսական կառույցների կանոնների համաձայն (Code of Conduct և Code of Ethics) ինձ թույլատրված չէ պայմանագրի գործունեության ընթացքում և դրա ավարտից հետո առնվազն 1 տարի (սառեցման ժամանակահատված - cooling period) որևէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ, բացի մասնագիտական գործունեությունից:
Հ.Գ. Պետական հատվածում իմ գործունեության ընթացքում երբեք դուրս չեմ եկել մասնագիտական շրջանակներից, իսկ այլ հարթություններում ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լինելու են ինձ համար գերակա: Մնացեք խաղաղությամբ»,- ասված է Արամյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլը շատ էր գրում այն մասին, թե Արամյանը նախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: