VERELQ-ը ներկայացնում է հայաստնյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները: Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դարձել քննարկման առարկա: Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլեւ բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը հունիսին սպասվող համագումարին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձեւավորմամբ։ Որոշ տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է հետեւել նախորդների օրինակին եւ ՔՊ-ացնել գյուղապետերի ինստիտուտը։ Այս նպատակով ՔՊ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, չի բացառվում, որ ՔՊ-ն իր կուսակիցներին առաջադրելու փոխարեն աջակցություն ցուցաբերի անկուսակցական թեկնածուներին, սակայն իշխող ուժի ներսում հստակ մարտավարություն է մշակվում՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ իշխանությունը պահել «ներքեւից»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ այդ խմբակցությունը դարձել է կառավարության և իշխանության ամենաարմատական ընդդիմությունը: «Իմ քայլի» պատգամավորները քննադատում էին ոչ միայն մանր ու միջին պաշտոնյաներին, այլ նաև կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ դժգոհելով նրանց կողմից իրականացվող կադրային քաղաքականությունից: Հաջորդ քայլը թերևս «Իմ քայլի» կողմից գործող կառավարությանը անվստահություն հայտնելն է, չնայած դրա համար կան սահմանադրական արգելքներ: Առայժմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։ Հրավերը եկել է 2 անձի համար, բայց Զեյնալյանն իր փոխարեն գործուղում է օգնականին։ Անգամ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Նույնիսկ եթե, ինչպես Զեյնալյանն է ասում, հրավիրող կողմն է հոգացել բոլոր ծախսերը։ Հանձնաժողովի կազմում 12 պատգամավոր կա, կարող էր մեկ ուրիշը մեկնել։ Ի վերջո, միջխորհրդարանական խորհրդաժողովին, ըստ արարողակարգի, պատգամավորի մակարդակով են մասնակցում։ ԱԺ պաշտոնական կայքում կարդում ենք․ «Երիտասարդների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»։
Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավիրել են պատգամավորներին, բայց քանի որ այս քառօրյայի օրակարգում իրենց հանձնաժողովին առնչվող 3 նախագիծ կա, «կարեւոր էր, որ հանձնաժողովի անդամները լինեին տեղում եւ անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենան, հարցուպատասխան լինի։ Եթե քառօրյա չլիներ, վերաբերմունքն այլ կլիներ»։ Երբ հետաքրքրվեցինք, թե չէ՞ր կարող իշխանական պատգամավորի փոխարեն ընդդիմությունից մեկը գործուղվել, պատգամավորը փոքր-ինչ կարկամեց․ «Ճիշտն ասած՝ ես թեման չեմ հիշում, ու նաեւ կարեւոր, հնչեղություն ունեցող միջոցառման մասին չէր խոսքը, ուղղակի, որպես ժեստ՝ որոշեցինք ուղարկել ինչ-որ մեկին»։ Հասկանալի չէ՝ սրանով օգնականի ստատո՞ւսն են բարձրացրել, թե՞ Հրաչ Հակոբյանինն են իջեցրել։ Վերջինս մեր հարցին պատասխանեց․ «Ես կարեւորեցի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական, ռազմական եւ հոգեւոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջացրած, հրավիրված է Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։ Այս միջոցառումը խառնել է Սասուն Միքայելյանի պլանները, որը նախնական պլանավորմամբ՝ ԵԿՄ արտահերթ համագումարը ծրագրել էր անցկացնել այդ օրը։ ԵԿՄ-ում քննարկում են օրը փոխելու հարցը, քանի որ մտադիր են հրավիրել նաեւ վարչապետին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։ Հիշեցնենք՝ դեռեւս 2009 թվականին, երբ քաղաքական նպատակներով պայմանավորված Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից եւ ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, եւ մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին: Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը եւ մինչ օրս տնօրինում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը եւ ուրիշներ։ Բայց փոփոխությունները կարվեն փուլ առ փուլ, որ բանակում «իշխանափոխության» ծրագիր իրականացնելու տպավորություն չթողնի։ Թեեւ արցախյան շրջանակներից մեզ ասացին, որ բանակում սերնդափոխությունն անխուսափելի էր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել: ՊԵԿ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարական է իջեցվել գտնել տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր, թեկուզ դրանք կապված լինեն անցյալում նրանց կողմից թույլ տրված ինչ-որ խախտումների հետ: Եվ այս օրերին տարբեր մանր ՍՊԸ-ների եւ/կամ ԱՁ-ների սեփականատերեր նամակներ են ստանում, որ իրենք տուգանվել են 6 տարի առաջ ՀԴՄ ապարատը վնասելու կամ 10 տարի առաջ ինչ-որ հաշվետվության մեջ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու համար: Համոզված ենք, որ սա արվում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու ծրագրի շրջանակում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ: Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաեւ գեներալի որդի: Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝ նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել: Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ սա կատարյալ հորինվածք է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար. Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ: Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով: Այնպես որ, շինարարության աճը նկարվել է տնտեսական անկման իրական պատկերը քողարկելու համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել եւ ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը եւ, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան: «Եթե քաղաքականությունը չփոխվի, եւ որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջեւ կկանգնենք»,- ասել է նա: Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, եւ որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր»:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում: Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս կողմից՝ նման իբր թե «ծայրահեղական», «հակապետական» տեսակետներ շրջանառելով՝ ստիպել իշխանություններին արձագանքել, որպեսզի կարողանան այդ հանգամանքն օգտագործել եւ աղմուկ բարձրացնել: Սակայն, ինչպես երեւում է, Արցախի իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը «խայծը կուլ չեն տալիս», չնայած, ըստ որոշ տեղեկությունների, Արցախի տարբեր բնակավայրերում գտնվելիս «Ծռերը» նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում իշխանությունների եւ կայանալիք ընտրությունների հնարավոր թեկնածուների հասցեին: Սակայն նման պահվածքը հակառակ ազդեցությունն է թողնում. մեր տեղեկություններով, այսպիսի ոճը արցախցիների զայրույթի պատճառ ու վիճաբանությունների առիթ է դառնում: Բանն այն է, որ անկախ քաղաքական հայացքներից, Արցախում անընդունելի են համարում վիրավորանքների ու հայհոյանքների «ճանապարհը»: