ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ավանդաբար ձևավորվել է փոխադարձ վստահության և համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարևոր նախագծեր, օպերատիվ կերպով լուծել քրեական վարույթի շրջանակներում միմյանց երկրներում իրավասությունների հետ կապված խնդիրներ:
ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության փորձն ու փոխադարձ վստահությունը՝ նշելով, սակայն, որ ունեցած արդյունքները դեռևս բավարար չեն և անհրաժեշտ է ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը:
Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել , որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը նպաստում է հատկապես կազմակերված հանցավորության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և միջազգային ընդգրկման այլ հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նա իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ դատախազության հետ հաստատված հարաբերությունների կապակցությամբ: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին և քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաև ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,-ասել է տիկին դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով՝ մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների դեմ պայքարում, մարդու հիմնարար իրավունքների քրեաիրավական և քրեադատավարական պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները, դրանց շրջանակներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նախորդ տարվա ընթացքում այդ ոլորտում արձանագրած աննախադեպ արդյունքների տեմպը պահելու համար, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստավոր նախադրյալներ է ստեղծում հատկապես հասարակության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ձևավորված վստահության և համագործակցության, ինչպես նաև դրանից ածանցվող՝ հանցագործությունների բացահայտման առումով պահանջատիրության մթնոլորտը:
Արթուր Դավթյանը հավելել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրներից է համարվում երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում կոնկրետ քրեական գործերի շրջանակում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից այդ հարցում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները և դրանց արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելու ձևավորված փոխադարձաբար օգտակար պրակտիկան: