Արգելվել է ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա
Ադրբեջանի ԱԳՆ- Իսլամական համագործակցություն կազմակերպության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլշադ Իսկենդերովին արգելել են մուտք գործել Թուրքիա։ Այս սենսացիոն տեղեկությունը տարածել է թուրքական Yeni Akit թերթը, տեղեկացնում է haqqin.az-ը։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ դեսպան Էլշադ Իսկենդերովին մեղադրել են այն բանում, որ նա «ստվեր է նետում» Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Թեեւ սա ոչ հստակ եւ շատ աղոտ ձեւակերպում է։ «Հունվարի 15-ին ադրբեջանցի դեսպանին չեն թողել մտնել Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցություն կազմակերպության նիստին։ Նրան արգելված է մտնել երկիր»,- ասվում է պարբերականի տեղեկատվությունում։
Թուրքական պարբերականը գրում է, որ Թուրքիայում ԻՀԿ նիստի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան եկել է Բաքվում իրենց դեսպանատուն եւ տեղեկացրել, որ «Թուրքիան դավադրություն է պատրաստում իրենց պետության դեմ»։ Արաբական պետության ներկայացուցիչն այս առիթով բացատրություն է պահանջել Թուրքիայի ներկայացուցչից։
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ արաբ դիվանագետի հայտարարությունից հետո այս առիթով պարզաբանումներով հանդես է եկել ԻՀԿ-ում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաեւը։ Ինչպես գրում է պարբերականը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան, որը Բաքվում արաբական երկրի դեսպանությանը տեղեկացրել էր պատրաստվող «թուրքական դավադրության» մասին, դեսպան Էլշադ Իսկենդերովն էր։ Դիվանագիտական այս սկանդալից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն Է.Իսկենդերովին հայտարարել է պերսոնա նոն գրատա եւ արգելել նրան մտնել իր երկիր։