25.11.2024
Թուրքիան նորից խլել է «Սանասարյան տունը» հայերից
prev Նախորդ նորություն

Տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց բանաձեւերն անընդունելի են. Ղուլյան

Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:


Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:


Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:


Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»:


Փաստացի այսպես Աշոտ Ղուլյանը պատասխանում է Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում արած սկանդալային հայտարարությանը, թե 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Բաբայանը նաեւ հայտարարեց Արցախի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:


Մինչ այդ Բաբայանի հայտարարությանն արձագանքել էր Արցախի նախկին վարչապետ, 2020 թվականին Արցախի նախագահի հավանական թեկնածու Արայիկ Հարությունյանը


«Հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի», - ասված էր Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ: