2017 թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը հետխորհրդային երկրների շարքում ամենից շատ զենք ներկրած երկիրն է:
Սա արտացոլվել է աշխարհի զենքի շուկայի արտահանող եւ ներմուծող երկրների քարտեզներում, որոնք պատրաստվել են Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) եւ Միջազգային բանկի 2016-2017թթ տվյալների հիման վրա:
Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ակտիվորեն զինվել ու պատրաստվել ղարաբաղյան հարցի ռազմական լուծման, այլ նաև դիվերսիֆիկացնում է իր ռազմա-տեխնիկական կապերն ու փորձում է չունենալ միակողմանի կախվածություն որևէ երկրից, այդ թվում և ՌԴ-ից:
Ադրբեջանն ընդլայնում է ռազմական կապերը Իսրայելի հետ, որը համարվում է աշխարհում զենքերի ամենաարդի տեսակների վաճառող երկրներից մեկը, որն ունի հզոր ռազմաարդյունաբերական համալիր: Իսրայելն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անօդաչու թռչող սարքերի վաճառքով` Ադրբեջանը գնել է Իսրայելից հետախուզական, կամիկաձե և այլ տիպի անօդաչուներ, ինչպես նաև սկսել է սեփական անօդաչուների արտադրությունը: Կառուցվել է անօդաչուների արտադրությամբ զբաղվող գործարան` իսրայելական տեխնոլոգիաներով:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Թյուրքան ավանում գտնվող նավերի վերականգնման կենտրոնում առաջին անգամ ցուցադրել են իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության SkyStriker ԱԹՍ-ները: SkyStriker ԱԹՍ-ն կարող է տեղափոխել 35 կգ քաշ, առավելագույն թռիչքային ժամանակը կազմում է 2 ժամ: ԱԹՍ-ն կարող է խոցել թիրախները տարբեր անկյունների տակ` վայրէջքն իրականացվում է պարաշյուտի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ղարաբաղում 2016թ.-ին ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների համար` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։
Բացի Իսրայելից, Ադրբեջանը մեծ քանակությամբ զենքեր է գնում նաև ՌԴ-ից` օդուժ, հրետանային, հրթիռային համակարգեր, ռազմական ուղղաթիռներ, տանկեր և այլ համակարգեր: Ռուսական, խորհրդային տեխնիկան Ադրբեջանի կողմից նաև արդիականացվում է ուկրաինացի, բելառուս, իսրայելցի մասնագետների կողմից: Ադրբեջանն իր զինված ուժերում «սինթեզում» է իսրայելական ու ռուսական արտադրության զինատեսակները` փորձելով բալանսավորել ռազմական կապերն Իսրայելի ու ՌԴ-ի հետ:
Բացի վերոնշյալ երկրներից, Ադրբեջանն ակտիվացրել է կապերը նաև մահմեդական աշխարհի հետ ռազմական ոլորտում` խոսքը Թուրքիայի ու Պակիստանի մասին է:
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Թուրքիային զուգահեռ, Բաքուն ընդլայնում է ռազմական կապերը մահմեդական Պակիստանի հետ, որը նաև միջուկային տերություն է: Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17 Thunder կործանիչներ` ուժեղացնելով սեփական օդուժը: Բաքվին կարող է հետաքրքրել պակիստանյան ռազմական այլ արտադրանք նույպես: Պակիստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է մասնագետներով օգնել Ադրբեջանի զինված ուժերի ուժեղացմանը:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Հավելենք, որ Ադրբեջանը զինվում է նաև Ուկրաինայի, Բելառուսի և այլ երկրների հաշվին` փորձելով համադրել խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի լավագույն զինատեսակներն` արդի իսրայելական, թուրքական, պակիստանյան զենքերի հետ: