25.11.2024
Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի առաջընթացի համար. նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանն արտահերթ կարգով նոր խորհրդարան է ընտրում

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն 11 քաղաքական ուժերի` ինը կուսակցության և երկու դաշինքի միջև:


Իշխանական «Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» և Առաքելություն կուսակցությունների միավորումն է: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու:


Նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ականներն անցած երկու շաբաթվա քարոզարշվի ժամանակ փորձեցին հանդես գալ որպես միակ ընդդիմություն: Նրանք վստահության քվե են ակնկալում խորհրդարանում ընդդիմության տեղը զբաղեցնելու համար:


«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին մասնակցում է կուսակցության ձևաչափով: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դաշնակցության թեկնածուների ցուցակը գլխավորում է Աժ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:


Արթուր Բաղդասարյանն էլ գլխավում է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուների ցուցակը: «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները մասնակցում են «Մենք» դաշինքով: Դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:


Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է: Նա 2016-ի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբում էր:


Այս ընտրություններին մասնակցում են նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», ինչպես նաև «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:


Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում: Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը: Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ: 


Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ-ում կարող են ներկայացված լինել այն ուժերը, որոնք դաշինքների դեպքում կստանան քվեների 7%-ը, իսկ կուսակցությունների պարագայում՝ 5%-ը:


Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը», - ասված է երկրի Հիմնական օրենքի 89-րդ հոդվածում: