Քվեարկել եմ հանուն այն Հայաստանի, որտեղ չկա բաժանում սևերի և սպիտակների. Վիգեն Սարգսյան
Քիչ առաջ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի ուղեկցությամբ:
Քվեարկությունից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեարկել է հանուն այն Հայաստանի, որտեղ չկա հասարակության բաժանում սևերի և սպիտակների: Նա մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի և հորդորեց քաղաքացիներին չնստել տանը և անպայման գնալ քվեարկելու: Սարգսյանի խոսքով, երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն, իսկ այսօր անհրաժեշտ է գնալ ընտրության, կատարել գիտացված ընտրություն.
«Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախբված հասարակություն: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր պաշարները դրանց համեմատ` շատ փոքր: Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ դա կթուլացնի մեր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարեց նա:
Հանրապետականն, ասաց Վիգեն Սարգսյանը, այս ընտրություններում աշխատել է շատ ակտիվ քարոզչական պաշարներով և հույս ունի, որ իրենց մտահոգությունները հասել են ընտրողին: Նա վստահ է, որ հանրությունը հնարավորություն ունեցավ լսել իրենց տեսակետը և դիրքորոշումները.
«Հույս ունեմ, որ առավոտյան մենք կարթնանանք արդյունքներով, որոնք բավարարելի կլինեն բոլորի համար»,- ասաց նա: Լրագրողի ճշտող հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ-ն բողոքարկի ընտրությունների արդյունքները, Վիգեն Սարգսյանն ասաց. «Դե եթե բողոքարկելու լինի` այո»:
Վիգեն Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ևս կմասնակցի քվեարկությանը, քանի որ «ակտիվ քաղաքացի է»: