"Գները նույնն են". Կբարձրացնի՞ Carrefour-ը Հայաստանի շուկայի մրցունակությունը
Երևանում մարտի 11-ին բացվեց ֆրանսիական հայտնի Carrefour հիպերմարկետը, որի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Carrefour-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Քրիստիան դե Նալը: Նրանք շրջել են հիպերմարկետի տարածքում և ծանոթացել առկա արտադրանքի որակին:
Ֆրանսիական Carrefour-ի հայկական մասնաճյուղի տարածքը կազմում է 6.000 քմ: Arminfo-ի հավաստի աղբյուրները նշում են, որ Երևանում Carrefour հիպերմարկետն աշխատելու է ֆրանչայզինգի սկզբունքով, որը պատկանում է Արաբական Էմիրությունների խոշոր Majid Al Futtaim Holding (MAF) ընկերությանը: Այդ ընկերությունը Carrefour սուպերմարկետների ցանցի ֆրանշիզայի տարածաշրջանային տնօրինողն է: Ընդհանուր ավելի քան 15.000 խանութներով ֆրանսիական Carrefour-ը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ աշխարհում` երկրորդը՝ «Wal-Mart»-ից հետո:
«Carrefour Group»-ի բաժնետոմսերի խոշոր մասը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյին: Ցանցը ունի չորս ձևաչափ՝ հիպերմարկետներ, սուպերմարկետներ, դիսկաունտերներ և գնորդների տան մոտակայքում գտնվող խանութներ: Carrefour-ը ներկայանում է մինչև 80.000 անուն ապրանքատեսակով: Ցանցում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 400.000 մարդ:
Երևանում ցանցի հիպերմարկետում կատարված ներդրումների մասին ոչինչ չի նշվում, սակայն փորձագետների կարծիքով, այդ թիվը կարող է հասնել 6-8 միլիոն դոլարի: Carrefour-ը տեղակայված է Երևան-մոլ ընկերության շենքում: Համապատասխան տարածքի վարձակալման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ.-ի մայիսի 13-ին Երևանում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Հետաքրքրական է, որ հիպերմարկետի շահերը ժամանակին ակտիվորեն լոբբինգ էր անում ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Բացման այսօրվա արարողության ընթացքում Քրիստիան դե Նալը վստահություն հայտնեց, որ հիպերմարկետի բացումը կբարձրացնի ներքին շուկայի մրցունակությունը, ինչը պետք է հանգեցնի գների նվազմանը և մեծ թվով գնորդների հոսքին: Նրա խոսքով, ֆրանսիական արտադրության ապրանքների թիվը այնքան էլ մեծ չէ, քանի որ ընկերության ղեկավարությունը ցանկանում է զարգացնել ակտիվ համագործակցությունը հայկական արտադրողների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում ներկրել անհրաժեշտ ապրանքներ ցանցի այլ խանութներից:
Դե Նալը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, թե հիպերմարկետի բացման հետաձգումը կապված է հայ օլիգարխների հետ տարաձայնությունների հետ, որոնք ցանկանում էին թույլ չտալ հնարավոր մրցակցի ի հայտ գալը: Նա նշել է, որ հիպերմարկետի բացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանք, որը կարող է ձգվել 2-3 տարի:
Նոր հիպերմարկետի բացումը հայկական ԶԼՄ-ների կողմից ընդունվել է ոչ մեծ ոգևորությամբ: Yerkir.am-ը ուսումնասիրել է Carrefour-ում առաջին անհրաժեշտության ապրանքների գները և համեմատել այն մայրաքաղաքի այլ սուպերմարկետների, մասնավորապես Yerevan City-ի հետ: Պարզվել է, որ գները գրեթե նույն են և խոսել սպառողական ապրանքների գների անկման մասին՝ ֆրանսիական հիպերմարկետի բացմամբ, չի կարելի:
"Հրապարակ" թերթը գրում է, որ հայ մատակարարները լրջորեն դժգոհել են, քանի որ Carrefour-ը նրանցից զգալի զեղճեր էր պահանջում, որպեսզի մատակարարների հաշվին կարողանա ապահովել հիպերմարկետում ցածր գները: Թերթը նշում է, որ ԶԼՄ-ներ օգնությամբ այդ հարցը լուծվել է: "Հայկական ժամանակ" թերթը նշում է, որ Carrefour-ը Հայաստանի ամենափակ ընկերություններից մեկն է: Բանն այն է, որ հիպերմարկետը պետք է բացվեր դեռևս 2012թ.-ի վերջին, ինչը մասնագետների կարծիքով, ազդեցություն կունենար մեծածախ առևտրի ոլորտի մրցակցության բարձրացման վրա, որն այժմ բաժանված է երեք խոշոր ցանցերի միջև: Սակայն ամիսներ, տարիներ էին անցնում, սակայն զվարճանքի "Դալմա Գարդեն Մոլում", որի սեփականատերն է հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, Carrefour-ը այդպես էլ չբացվեց:
Թերթը հայտնում է, որ հիպերմարկետի բացմանը կարող էր խոչընդոտել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով Yerevan City սուպերմարկետների ցանցի սեփականատերն է: Թերթը նշում է, որ տարվա ընթացքում հիպերմարկետի մասին տեղեկատվություն գրեթե չկար և միայն ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս տեղեկատվական արտահոսքեր՝ընկերության ղեկավարության և հայկական իշխանությունների միջև անդրկուլիսյան գործարքների մասին:
"Հայկական ժամանակը" նշում է, որ հայտնի չէ, թե ինչպիսի պայմանավորվածություններ են եղել, սակայն նախորդ տարվա մայիսին Երևանում Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ ստորագրվել է հիպերմարկետին տարածք հատկացնելու մասին համաձայնագիրը: Թե ինչպես կաշխատի, կարդարացնի արդյոք իրեն այդ հիպերմարկետը հայ սպառողները կիմանան շատ շուտով, եզրափակում է թերթը: