Քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է․ վարչապետը՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մասին
Ես երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում քաղաքական ուժերի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել եմ, որ դեկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ասել եմ նաեւ մեխանիզմի մասին: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի հարցին, թե ի վերջո, ինչ որոշում կայացվեց:
Վարչապետի խոսքով, ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել. «Սա եղել է այն համատեքստում, կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն վիճակը, որն առկա է: Կարծում եմ՝ խելամտությունը հուշում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն անտեղի ու ավելորդ կլինի: Այսօր, այո, մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունը նույնական չէ իմ նշածի հետ, եւ ես անկեղծ ասած, մեծ խնդիր չեմ համարում: Համենայնդեպս, ՀՀ քաղաքացիների եւ մեր կառավարության համար խնդիրներ առաջանում են եւ կառաջանան նման հայտարարություն անողների համար, որովհետեւ իմ կարծիքով, 2018-ի մայիսի 1-ին ես այս ամբիոնից ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին: Կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- հայտարարեց Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ այդ հանդիպման ժամանակ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չառաջադրելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: