"Ոչինչ չենք ստացել ՆԱՏՕ, ՆԱՏՕ բղավելով". Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի մասին
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գոգի Թոփաձեն թերահավատորեն է տրամադրված ՆԱՏՕ-ի նկատմամբ և այդ "կարծիքը կիսում է վրացական հասարակության զգալի հատվածը": Այդ մասին հայտնում է Geurasia.org կայքը:
Թոփաձեն նշել է, որ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է՝ չպետք է հարաբերությունները վատթարացնել ՌԴ-ի հետ և դա զայրացնում է Միացյալ ազգային շարժման ազգայնականներին: Նրա խոսքով, Իվանիշվիլիի կարծիքով, ՌԴ-ից բռունցքներով և պատերազմով ոչինչ խլել հնարավոր չէ և պետք է բանակցել: Ի՞նչ է, սխալ է ասում: Թոփաձեն վստահություն հայտնեց, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցերը կարելի է առաջ տանել ՌԴ-ի հետ նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և ոչ՝ հայհոյանքներով: Նա նշել է, որ իրենք ոչինչ չեն ստացել հայհոյանքներով և ՆԱՏՕ, ՆԱՏՕ բղավելով՝ դա ուղղակի ժողովրդին մոլորեցնել է նշանակում:
Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հնարավորությունը շատ աղոտ է: Նրա խոսքով, մի՞թե ՆԱՏՕ-ն միջամտել է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հակամարտություններին: Նույնը Ուկրաինայում: Թոփաձեի խոսքով, եթե հրաշք կատարվի և ՆԱՏՕ-ն մուտք գործի Վրաստան, ապա ըստ նրա, վրացի քաղաքական գործիչները հասկանում են, որ դա կկործանի Վրաստանը: Նա նշել է, որ ենթադրենք ՆԱՏՕ-ն հրթիռներ է տեղակայել Կովկասյան լեռնաշղթայի վրա և դրանք ուղղել է Մոսկվայում Պուտինի առանձնասենյակի վրա: Նա հարցադրում է, միթե՞ Մոսկվան դա իրենց թույլ կտա: Նրա կարծիքով, Ուկրաինան իրենց համար անմեղ խաղ կթվա: Թոփաձեն նշել է, որ Մոսկվան իրենց ասում է՝ մի անդամակցեք ՆԱՏՕ-ին և եկեք պայմանավորվենք: Բացի այդ, իրենց առանց այդ էլ ասում են, որ չեն ընդունելու ՆԱՏՕ:
Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ վրացական քաղաքական վերնախավը չափազանց լիբերալ է դարձել: Նրա կարծիքով, նրանք չափը անցել են ժողովրդավարության հետ և պատասխանատվության չեն ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են դա անել: Թոփաձեն նշել է, որ շատ երկրներ սահմանափակել են այդ ոչ կառավարական կազմակերպությունները, արգելափակել են նրանց հաշիվները, որոնց վրա գումարներ են փոխանցվում արտերկրից: Նրա խոսքով, երևի թե իրենք նույնպես պետք է դիմեն այդ քայլին: Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ արտերկրից գրանտներ ստանալով կազմաքանդում են սեփական երկիրը, պետությունը, ապա նրանք պետք է պատասխանատվության կանչվեն: Նա նշել է, որ դա պետք է արգելվի, քանի որ ամերիկացիները այդ ճանապարհով շատ երկրներ են հեղաշրջել:
Թոփաձեն նշել է, որ այդպիսի ողբերգություններ են տեղի ունեցել արաբական երկրներում, Իրաքում, Եգիպտոսում, Հարավսլավիայում, Լիբիայում, այժմ էլ նույնը կատարվում է Սիրիայում: "Բավ է ժողովրդավարության կոչերի ներքո քանդել երկրները և օրինակ է բերել Քադդաֆիին, ում բռնաբարել են և կոտորել: Լիբիան Աֆրիկայի զարգացած երկրներից էր և այնտեղ հրաշալի սոցիալական պայմաններ էին առկա", - հիշեցրել է նա։
Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք քայլեր կձեռնարկի եթե ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի Վրաստանը այդ կազմակերպություն ներքաշելու համար: Բացի այդ, Վրաստանը այս պահին ձգտում է բարելավել տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, ինչը թույլ կտա վրացական արտադրանքին իր տեղը գտնել ռուսական շուկայում: Այս պահին ակտիվ քննարկվում է նաև Ավարա-կախեթական ճանապարհի վերագործարկման հարցը, որը կփոխլրացնի Վերին Լարսի ճանապարհը և թույլ կտա Վրաստանին Դաղստանի տարածքով դուրս գասլ Կասպից ծովի ափ: Այդ ճանապարհը կարևոր է նաև ԵՏՄ-ի անդամ և ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ՀՀ-ի համար: