14.12.2024
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Իսրայել
prev Նախորդ նորություն

Կասպիան ավազան. Եվրամիության էներգետիկ դիվերսիֆիկացիայի չդադարող փորձերը

Եվրոպական հանձնաժողովի համար կարևոր է կառուցել համապատասխան ենթակառուցվածքներ՝ Հարավ-արևելյան Եվրոպան ԵՄ-ի ներքին էներգետիկ շուկայի հետ միացնելու համար: Դա արվում է, որպեսզի Կասպյան ավազանի գազից կարողանան օգտվել ԵՄ-ի անդամ-երկրները: Այդ մասին Թրենդ գործակալությանը հայտնել են ԵՄ-ի մամուլի ծառայությունից:

Հարավային գազային հոսքի ռազմավարական նպատակն է Ադրբեջանից գազի մատակարարումը Հարավ-արևելյան Եվրոպա: Այդ միջանցքի հիմքում ընկած են լինելու TANAP և TAP գազամուղերը: Բրյուսելը վերջերս ընդունել է ԵՄ-ի Էներգետիկ միության ստեղծման մասին կարևորագույն որոշումը, որը պետք է դիվերսիֆիկացնի դեպի ԵՄ գազի առաքման ուղիները:

ԵՄ-ը ցանկանում է գազ հասցնել Եվրոպա Ադրբեջանից, Թուրքմենստանից և Կասպից ծովի ավազանից՝ Հարավային գազային միջանցքի միջոցով՝ նվազեցնելով ԵՄ-ի գազային կախվածությունը ՌԴ-ից: Այդ միջանցքով գազը ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից պետք է հասնի եվրոպական շուկա: ՌԴ-ը տարեկան 140-150 միլիարդ խմ գազ է առաքում դեպի Եվրոպա: Նախորդ տարի Եվրոպան ՌԴ-ից գնել է ընդամենը 121.3 միլիարդ խմ գազ, ինչը բացատրվում է պահանջարկի նվազմամբ:

Շահ-Դենիզ հանքավայրի ծավալները գնահատվում են 1.2 տրիլիոն խմ-ի սահմաններում: ԵՄ-ը նպատակ ունի մինչև այս տարվա վերջ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ստորագրել
փոխգործակցության հուշագիր, որը պետք է օգնի մինչև 2030թ.-ը կյանքի կոչել ԵՄ-ի Էներգետիկ միությունը:

ԵՄ-ի էներգետիկ նոր ռազմավարության համաձայն ԵՄ-ի անդամ-երկրները գազային համաձայնագրեր կնքելու ժամանակ պետք է այդ գործընթացը համաձայնեցնեն Եվրոպական հանձնաժողովի հետ: Փորձագետները նշում են, որ այժմ գազային գործարքների մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ոչ թե ԵՄ-ի երկրների, այլ Եվրոպական հանձնաժողովի կողմից: