23.11.2024
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը չի մեկնաբանում Բաքվի իր գործընկերոջ աղմկահարույց հայտարարությունը

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին չի ցանկանում մեկնաբանել Ադրբեջանում իր գործընկերոջ աղմկահարույց հայտարարությունը: Մինչ այդ, Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Մարեկ Ցալկան Թրենդին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեհաստանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության առկայությամբ:

Ցալկան նշել է, որ հաշվի առնելով ռուս-ուկրաինական և Արևմուտք-Արևելք հարաբերություններում առկա իրավիճակը, իրենք հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը նախադեպային է: Նրա խոսքով, հենց Լեռնային Ղարաբաղում է վերջին 25 տարվա ընթացքում տեղի ունեցել միջազգայնորեն ճանաչված պետության սահմանների փոփոխություն: Ցալկան նշել է, որ հենց այդտեղ է առաջին անգամ ծագել հակամարտությունը, որը մինչև այսօր չի կարգավորվել և տեղի է ունեցել փաստացի եվրոպական տարածքի բռնազավթում, որը շարունակվում է արդեն քարորդ դար:

Դիվանագետը նշել է, որ այդ հարցը անկասկած հանդիսանում է եվրոպական քաղաքականության ամենացավոտ հարցերից մեկը և այդպիսին է լեհական կողմի դիրքորոշումը: Փաստորեն լեհ դիվանագետը, նշում են մեկնաբանները, ի չիք դարձրեց Հայաստանում լեհ դիվանագետների բազմաթիվ անգամ հնչեցված այն կարծիքները և հավաստիացումները, թե Լեհաստանը Հայաստանի փաստաբանն է ԵՄ-ում և չեզոք դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հակամարտությունում:

Արմինֆոյի՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանին ուղղված հարցին դիվանագետը պատասխանել է, որ Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հիմնվում է ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Նովակովսկին նշել է, որ իր պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել այլ դիվանագետների հայտարարությունները:

Լեհ դիվանագետը կրկին անգամ վերահաստատել է Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը այդ հարցում և նշել, որ այն հայտնի է և հիմնված է ղարաբաղյան կարգավորման ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Դեսպանի խոսքով, Լեհաստանը նաև ակտիվորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և հույս ունեն, որ հակամարտությունը շուտափույթ խաղաղ լուծում կստանա: Նրա խոսքով, Լեհաստանը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Այդ համագործակցության ռազմավարական բնույթը բխում է Լեհաստանի և ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրից: Դիվանագետը հավելել է, որ Հայաստանը՝ զարգացած եվրոպական և քրիստոնեական արժեքներ ունեցող երկիր, որը կառուցում է ժողովրդավարական ինստիտուտներ, անկասկած իրենց համար ունի ռազմավարական նշանակություն:

Հատկանշական է, որ Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Զդիսլավ Ռաչինսկին բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Լեհաստանը Հայաստանի "փաստաբանն է ԵՄ-ում"՝ Արևելյան գործընկերության գծով, իսկ Վարշավայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չեզոք է: Ռաչինսկու կարծիքով, պաշտոնական Վարշավան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Նրա խոսքերով, այդ երեք սկզբունքները պետք է դիտարկվեն միասին, իսկ մնացած հարցերը պետք է քննարկվեն երեք կողմերի՝Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի բնակչության կողմից: