Սևանը ներառվել է ռուս զբոսաշրջիկների նախընտրած լավագույն 5 հանգստավայրերի ցանկում
Ռուսական ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների կտրվածքով ռուս զբոսաշրջիկների շրջանում այս ամռան համար ամենատարածված 5 հանգստավայրերի ցանկը:
Հայտնի է, որ ցանկում ներառվել է նաև Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի» Սևանա լիճը:
Գործակալության տվյալներով՝ հանգստավայրերի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Բուրաբայ (Ղազախստան), Իսըկ Կուլ լիճ (Ղրղզստան), Նարոչ լիճ (Բելառուս), Բիլգյայի լողափ (Ադրբեջան), Սևանա լիճ (Հայաստան):
ՏուրՍտատ-ի փոխանցմամբ՝ ռուս զբոսաշրջիկները մտադիր են տվյալ հանգստավայրերում անցկացնել 7-14 օր:
Նախնական հաշվարկի համաձայն`մեկօրյա հանգստի արժեքը տատանվում է 50-100 դոլարի սահմանում: Ի դեպ, տվյալ հանգստավայրերից ամենամատչելին Իսըկ Կուլն է՝ 50 դոլար, իսկ ամենաթանկը՝ Կասպից ծովի ափին գտնվող Բիլգյան՝ 100 դոլար: