Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48 տոկոսը
Թուրքական SONAR հետազոտական–վերլուծական ընկերությունը Թուրքիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ սոցհարցումներ է իրականացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ SONAR–ի անցկացրած սոցհարցումների մասնակիցների 48 տոկոսը նշել է, որ ընտրելու է նախագահի թեկնածու Էրդողանին։ 31.4 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեին, իսկ 9.5 տոկոսն էլ ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին։ Քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի օգտին համաձայն է քվեարկել հարցվածների 8.2 տոկոսը։
Անդրադառնալով խորհրդարանական ուժերի ընտրությանը հարցվածների 42 տոկոսը նշել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, 28.2 տոկոսը՝ «Ժողովրդահանրապետական», 9.2՝ «Լավ» կուսակցություն, 7.2՝ «Ազգայնական շարժում» կուսակցություն եւ 10 տոկոս՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն։
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 24–ին։