VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից: Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողները այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների հրավիրյալների ցանկը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզվում է՝ նախկին իշխանությունն արդեն կազմած է եղել ցուցակները, թե ովքեր պետք է ներկա լինեին Սարդարապատում, ովքեր՝ Հանրապետության հրապարակում։ Ցանկում է եղել ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ էլիտան՝ քաղաքական, գործարար, մշակութային, մտավորական, սակայն Փաշինյանը հանձնարարել է ցուցակները հիմնովին փոխել, նոր դեմքեր ընդգրկել ամենատարբեր ոլորտներից։ 400 հրավիրատոմս են ուղարկել Սարդարապատի միջոցառման, մոտ հազարն էլ՝ երեկոյան համերգի համար։ Հրավիրյալների շարքում ավելացրել են մարտի 1-ի զոհերի հարազատներին, սահմանամերձ գյուղերից մոտ 60 երեխայի, հաշմանդամություն ունեցող մարդկանց, կառավարության աշխատակազմին նաև զգուշացվել է՝ «ՔՊ»-ախեղդ չանել։ Իսկ ԱԺ նախագահին և փոխնախագահներին չհրավիրելը ոչ այնքան անփութություն, որքան միտումնավոր է եղել։ Հիշեցնենք՝ ՀՀԿ-ից 3 պատգամավոր է հրավիրվել, այդ թվում՝ Արա Բաբլոյանը, ով ի պաշտոնե պետք է ՀՀ և Արցախի նախագահների հետ միասին կանգներ վարչապետի հետ նույն հարթակին, սակայն քանի որ ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել։ Առհասարակ, ԱԺ-ից հատուկենտ մարդիկ են ներկա եղել։ Չեն եղել դաշնակցականները, «Ծառուկյան դաշինքից» մի քանի հոգի, ՀՀԿ-ից գեներալներն ու Վահրամ Բաղդասարյանն են եղել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստում որոշում է կայացրել այս տարի հաշվեքննություն իրականացնել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրում ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնելը նախատեսված չի եղել, եւ միայն վերջերս են որոշել: ՀՊ-ն այսպես է մեկնաբանել որոշումը. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռեվիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում արդեն նոր մեթոդաբանությամբ պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն»։
Հատկանշական է փաստը, որ ՊԵԿ-ը վերջերս հայտնվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տեսադաշտում: Մասնավորապես, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ»-ը, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում` ԱԱԾ-ի պնդմամբ` ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե որքանով կապ ունի ԱԱԾ բացահայտումը ՊԵԿ-ում ՀՊ նախատեսած ստուգումների հետ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ այս ամենը հաջորդեց իրար, եւ թիրախավորվեց կոնկրետ ՊԵԿ-ը: Մինչ այդ նկատենք` հասարակությունն ԱԱԾ-ից սպասում է նաեւ լուրջ բացահայտումներ մյուս ոլորտներում, օրինակ, թեկուզ, թե ինչպես փոշիացան Նաիրիտ գործարանի միջոցները, կամ ինչպես ձեռք բերվեցին մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ բիոզուգարանները, որ այդպես էլ չօգտագործվեցին, «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքը, օֆշորային սկանդալները եւ այսպես շարունակ: Վերջին տասը տարիներին Հայաստանում նման պատմությունների պակաս չկա: Մնում է միայն այդ ամենով զբաղվել ու բացահայտել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլևս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է: Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա: Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Հնարավոր է, որ այդ հիվանդությունները այնքան խորը և անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը և կամավոր Հայաստան վերադառնան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։ Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, հավանաբար, 3 մարզ կտրվի ԲՀԿ-ին, մեկը կամ երկուսը՝ ՀՅԴ-ին։ «ՔՊ»-ի թեկնածուները կարծես որոշակի են դառնում․ Կոտայքում Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակում Կարեն Սարուխանյանը, Արարատում Գարիկ Սարգսյանը կնշանակվեն, Լոռվա մարզում եւս մի անհայտ «ՔՊ»-ական կնշանակվի։ Իսկ «Ծառուկյան դաշինքից» մարզպետներ կդառնան խմբակցությունից տվյալ մարզերում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորները։ «Կառավարությունում պաշտոններ ստացողները խմբակցությունից չեն, այս դեպքում պետք է պահել բալանսը»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը։ Ի դեպ, քննարկվում է Արմավիրում Արայիկ Աղաբաբյանին, Գեղարքունիքում Հրանտ Մադաթյանին նշանակելու հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Ըստ նրա` ԸՕ- փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: Եւ այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անունները: ԸՕ-ում ներառվելու են նաեւ կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ: Միաժամանակ չեն փոփոխվելու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում եւ օնլայն հեռարձակում, մինչեւ քվեարկությունը մատնահետք թողնելը եւ նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսեւորումները կանխելուն, նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, լսել վերջիններիս կարծիքները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, սպասվելիք զարգացումների, իրականացվելիք քայլերի առնչությամբ, անչափ զարմացած են մնացել «Ելքի» ներկայացուցիչ Լենա Նազարյանի այն դիտարկումից, թե «իրենք ճնշումներ են գործադրել» դեռևս գործող իշխանության վրա (ըստ ամենայնի, նկատի ունենալով նաեւ ՀՀԿ-ականների տների, բակերի շրջափակումները), որպեսզի ՀՀԿ-ն ոչ միայն թողնի իշխանությունը, այլև քվեարկի իրենց օգտին։ Հանդիպման մասնակիցներից մեկի հավաստմամբ` համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը, և վերոնշյալ «ճնշման դրույթները» նույնպես, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն Հայաստան ժամանած հյուրերի զեկույցում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե ով է գնորդը։ Ասաց, որ դեռ վաճառքի գործարքն ընթացքի մեջ է և առաջիկա շաբաթներին նոր կավարտվի։ Իսկ ո՞րն է հիվանդանոցը վաճառելու պատճառը, արդյոք վնասո՞վ էր աշխատում։ «Իհարկե, ոչ, վնասով աշխատող հիվանդանոցն ո՞վ կգներ։ Ժամանակակից առողջապահության պահանջներին բավարարող կլինիկա ունենալու համար հարկավոր է մեծ ներդրումներ անել, որի հնարավորությունները եղբայրս չունի»։
Հարցրինք՝ իսկ քաղաքական իրավիճակի փոփոխություններով չէ՞ պայմանավորված վաճառքը, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության որոշ հովանավորյալներ էլ են վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը և կունեզրկեն նրանց։ Հարությունյանն ասաց, որ վաճառքի գործընթացն սկսվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերի վերջին, իսկ ձգվում է, քանի որ «և՛ գնորդները, և՛ օտարողը պետք է գույքային պարտավորություններ հստակեցնեն»։ Մեր տեղեկություններով, գնորդը գավառեցի երկու եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնեսներ ունեն»։