VERELQ-ը ներակայցնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։ Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել, պետք է փոքր-ինչ սպասել, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»»։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մայիսի 1-ից կտրուկ վատթարացել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ըստ Ռուսաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀԿ-ն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն Կարապետյանը հրաժարվել է ռիսկի դիմել և մտնել պայքարի մեջ` համարելով, որ համաժողովրդական շարժման հետ հակադրությունը կարող է բերել ավելի մեծ լարվածության, իսկ պարտությունը` ավելի ծանր հետևանքների: Իսկ քանի որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր, ռուսները նրան այդ տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից, այն վերապահելով «Ավալոն» ընկերությունների խմբի սեփականատեր Կամո Ավագումյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։ Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեեւ Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։
Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայցեւ չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր»: Հիշեցնենք, օրերս Արմեն Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահին՝ «եկել է այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ եւ ընթացակարգեր»: Իսկ նախօրեին 200 փաստաբան Արմեն Սարգսյանին առաջադրել էին Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով, ինչպես գրել էինք, նաեւ Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն է՝ որպես լոնդոններում «կռված» մարդ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում հետեւյալ սցենարներն են քննարկում՝ որ Արա Բաբլոյանը հարցը չի մտցնի օրակարգ, կամ եթե մտցվի, «իրենք չեն լռելու», իսկ եթե անգամ ընտրվի, ընտրության արդյունքները կարող են հայտարարվել ոչ լեգիտիմ։ ԱԺ առաջիկա նիստը լինելու է բավականին բուռն եւ հետաքրքիր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին: Թեև Կոտայքի մարզը հանձնվում է Ծառուկյանին, սակայն ինչպես արդեն նշել էինք, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կպաշտոնազրկվի: Նոր իշխանությունն այսպիսով մերժում է հովանավորչությունը, և ազգակցական, բարեկամական, և խնամիական կապերը չպետք է դեր խաղան պաշտոնական առաջխաղացման համար»:
«Ժամանակ» թերթը գրում է». Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել հումք ներկրել եւ այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել: Մեր տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է: Հայաստանում շաքարավազի արտադրությունը եւս կնպաստի գնի անկմանը, սակայն մենաշնորհն ամեն դեպքում՝ կմնա իրեն, քանի որ Հայաստանում շաքարավազի արտադրության պարագայում այլեւս նպատակահարմար չի լինի այլ անձանց կողմից երրորդ երկրից շաքարավազ ներկրել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որեւէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է. ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո, բ) կադրային այդ նշանակումներում ինքը որեւէ դերակատարություն չունի։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան վերջինիս մերձավոր շրջապատից մեկն ասաց. «Արմեն Սարգսյանը պարզապես նախընտրում է արբիտրի դերը»։ Այնուհանդերձ, հիշենք, որ մամուլն օրերս գրել էր, թե Փաշինյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկի՝ ԱԳ նախարարի նշանակման առաջարկությունը հենց Արմեն Սարգսյանինն է։ Ասում են` նրանն է նաեւ ՍԴ նոր անդամի թեկնածու, որոշ տեղեկություններով` ապագայում էլ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջարկը»:
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է բուհերի ապակուսակցականացման մասին` ընդգծելով փաստը, որ մի շարք ռեկտորներ եղել են քաղաքականացված: ««Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր»,- ասել է Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, թե նախարարի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշել է. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»: Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, այն էլ ոչ թե շարքային կուսակցական, այլ ՀՀԿ խորհրդի անդամ»:
«Փաստ» թերթը գրում է.«Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորաբար Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Հավաստի տեղեկությունների համաձայն, Շմայսը ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ հեռանալու համար: Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում: Իսկ ժողովրդական շարժման օրերին անձամբ էր կոորդինացնում Էջմիածնից Երևան ավտոճանապարհի փակման «օպերացիան», որպեսզի քաղաքացիները չկարողանան հասնել մայրաքաղաք՝ մասնակցելու հանրահավաքներին ու անհնազանդության ակցիաներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում ետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, եւ ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետեւանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առեւտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաեւ արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ` արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս. սա էլ հավանաբար հետեւանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց»: