ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հանդես է գալիս ծրագրային ելույթով: Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է տեսնում երկրում, եթե ստանա պատգամավորների աջակցությունն ու ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Ներքաղաքական զարգացումներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. կբացառվի իշխանական լծակների օգտագործումը բիզնես անելու համար, պաշտոնավարմանը զուգահեռ կբացառվի ապօրինի հարստացումը, մենաշնորհները կվերացվեն, և այս ամենը իրենք անելու են ոչ թե որևէ մեկին հետապնդելով, այլ վեր հանելով օրենքները: Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը, ոլորտային դիվերսիֆիկացիան լինելու է առաջնահերթություն, ինչպես առաջնահերթություն է լինելու օրենքի գերակայությունը: Օրենքի առջև բոլորը կլինեն հավասար՝ սկսած վարչապետի ընտանիքից ու հարազատներից:
Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չխպետք է լինի միայն նյութական աջակցությունը, Սփյուռքը պետք է ակտիվ մասնակցություն ունենա պետականաշինության գործընթացներում: ՀՀ քաղաքացու կյանքի իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելը պետք է լինի, այլ սեփական հայրենիքում ապրելն ու ստեղծագործելը:
«Համաժողովրդական շարժումը Հայաստանում և Սփյուռքում գեներացրել է այնպիսի էներգիա, որ ՀՀ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստան են հոսելու միլիարդավոր ներդրումներ, կբացվեն հազարավոր աշխատատեղեր, հայկական բանակի մարտունակությունը կբարձրանա, կհաղթահարվի 30 տոկոսանոց աղքատությունը»,- հայտարարեց նա:
Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձ չի լինի
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու և ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել էր՝ ՀՀ-ն շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, դուրս չի գա ՀԱՊԿ-ից և կխորացնի հարաբերությունները ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: ԵԱՏՄ-ի մասին խոսելով նա կրկնեց, որ այդ միությունում կան խնդիրներ և ինքը պատրաստվում է դրանց մասին բարձրաձայնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հետ քննարկումներում:
Անդրադառնալով կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերություններին, նա նշեց, որ ՌԴ-ին համարել և համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից և իրենց համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում:
Քաղաքական վեկտորում կարևորվեց նաև հարաբերությունների հետագա խորացումը Իրանի, Վրաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ:
Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք կհաղորդվի
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը: Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը իրենց համար պարտադիր չեն: Հստակ է միայն մեկ բան՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և դրա հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը:
«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք կհաղորդվի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի, ապա նա նշեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունն՝ ի դեմս Ալիևի, որևէ պահ բաց չի թողնում սպառնալ ՀՀ-ին ու Արցախին, մենք բոլորս պետք է հասկանանք, որ դրանք բանակցություններ են զուտ բանակցությունների համար, բայց ոչ կարգավորման: Քանի որ քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, ապա կարգավորում չի կարող լինել: Իսկ կարգավորումը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ ուղղի միջազգային հանրությանը, որ պատրաստ է խնդրի կարգավորմանը միջազգային նորմերի շրջանակում: