25.11.2024
Սարգսյանից հետո շարժումն առերեսվեց ավելի բարդ խնդրի հետ` գործող համակարգի. լսումներ
prev Նախորդ նորություն

Իրանի եւ «վեցնյակի» միջուկային գործարքը տապալման եզրին է. ի՞նչ սպասել

Իրանի միջուկային գործարքը տապալման եզրին է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ իր նախընտրական խոստմանը, Իսրայելի հետ ջանքեր չեն խնայում այն ռեվիզիայի ենթարկելու եւ վերանայելու համար:


ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը:


Չանայած ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է, որ Իրանը բարեխղճորեն կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ն ու Իսրայելը պնդում են, որ Թեհրանը միջուկային զենքի գաղտնի մշակմամբ է զբաղված: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել:


Թել Ավիվում ապրիլի 30-ին ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաև հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները:


Եվրոպական երկրները չեն ընդունել Իսրայելի կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթերի կարևորությունը, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ողջունել է՝ այդ փաստաթղթերը գնահատելով որպես «իրանական ստի» ապացույց:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւս հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել այսպես կոչված «իրանական արխիվի» ֆայլերը, որտեղ ապացույցներ կան, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի կայքը։ «Միջուկային զենքի չտարածման հարցերով եւ հետախուզության մեր աշխատակիցները վերլուծում են տասնյակ հազարավոր էջեր եւ թարգմանում են դրանք պարսկերենից։ Վերլուծությունը կշարունակվի շատ ամիսների ընթացքում։ Մեր գնահատականով՝ մեր կողմից դիտարկվող փաստաթղթերը իսկական են»,–ասել է Պոմպեոն։


Պետքարտուղարը նշել է, որ երկար տարիներ շարունակ Թեհրանն աշխարհին համոզել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։ «Իսրայելի ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս առանց որեւէ կասկածի, որ իրանական վարչակազմը ճիշտը չի ասում»,–հայտարարել է Պոմպեոն։ Նա հավելել է, որ փաստաթղթերում ասված է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է ունեցել երկար տարիներ շարունակ։ «Իրանը աշխարհից ու ՄԱԳԱՏԷ–ից թաքցրել է ընդարձակ միջուկային արխիվը»,–նշել է պետքարտուղարը։


Պոմպեոն նշել է, որ գործարքը, որը հիմնված էր բարի կամքի վրա, ոչ կառուցողական է եղել։ Այն կառուցվել է Իրանի ստի վրա։ Պետքարտուղարը նշել է, որ հիմա, երբ աշխարհը գիտի Թեհրանի ստի մասին, պետք է բարձրացնել նրա նկատմամբ վստահության հարցը։


«Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միևնույն ժամանակ, սակայն, հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունից վերադարձին: «Դա նշանակում է, որ [գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը] հիմնված չէ բարեխղճության և թափանցիկության վրա», - ասել է Փոմփեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։


Թեհրանը այդ մեղադրանքները հերքում է։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին Թեհրանի հետ վեց տերության կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման: Այդ մասին հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:


«Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը չի կարող բանակցությունների առարկա լինել»,- ասել Է Ռոուհանին: Նա ընդգծել է, որ «Իրանը «չի համաձայնի ոչ մի նոր սահմանափակման, որը դուրս Է գալիս նրա պարտավորությունների սահմաններից»: Ինչպես հայտնել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում, ավելի քան մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «ցանկանում Է պահպանել 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ բանակցություններ սկսել երեք հավելյալ թեմաների շուրջ, որոնք վերաբերում են 2025 թվականից հետո Իրանի միջուկային գործունեության վերահսկողությանը, այդ երկրի բալիստիկ ծրագրին եւ կարեւորագույն տարածաշրջանային ճգնաժամերին»:


Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումը սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:


Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: