25.11.2024
Բազմահազարանոց երթին ընդառաջ մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում. իրավիճակը լարվում է
prev Նախորդ նորություն

Հրաժարական եմ տալիս Սպորտի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից. Ռոստոմյան

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդես է եկել հայտարարությամբ.


«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։


Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։


Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին»։


Հիշեցնենք, ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր, որ կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին.


«Կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: