25.11.2024
Ժողովրդի ընտրած թեկնածուն ո՞րն է. Կարեն Կարապետյանը հակադարձում է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Բազմահազարանոց երթին ընդառաջ մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում. իրավիճակը լարվում է

Ինչպես նախօրեին հայտարարել էր թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր առավոտվանից մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության գործողություններ:

Երևանի փողոցներով այս պահին բազմահազարոնց երթ է, որն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը: Կենտրոնում նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում, հատկապես Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում՝ Մելիք Ադամյանում, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, Վազգեն Սարգսյանի փողոցում և այլն:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությանը, թե վարչապետը չի կարող ընտրվել հրապարակում: Նա նաև ասել էր՝ ժողովրդի ընտրած թեկնածուն ո՞րն է.

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի Ազգային Ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը մինչև այդ հրապարակում պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի: Հնարավոր է նաև Ելք-ի անունից առաջադրվի»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ իսկ եթե ՀՀԿ-ն կողմ չքվեարկի նրա օգտին, արձագանքեց.

«ՀՀԿ-ականները ուզո՞ւմ են այս իրավիճակը լուծել, թե չէ՞: Հանրապետականը այս երկրում իշխանություն չի լինելու՝ սա հստակ է»:

Փաշինյանը նաև դեմ է, որպեսզի այս խորհրդարանը լուծարվի, բայց ընտրություններն անցկացնեն հանրապետականները.

«Մեր առաջին ռեակցիան այն է, որ մենք կբոյկոտենք այդ ընտրությունները, ընդ որում ակտիվ բոյկոտի միջոցով և դրանք չեն կայանա: Որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակը պետք է հիմա ամրագրվի»,- շեշտեց նա:

Նշենք, որ մինչ Փաշինյանն ու ցուցարարները շարունակում են բազմահազարանոց երթը, ոստիկանությունը տեխնիկա է կենտրոնացնում տարբեր վայրերում և մեծ ուժեր է կենտրոնացրել փողոցներում, ինչը վերջին օրերին գրեթե չէր արցում: