Կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները․ ՊՆ-ն ցույցին միացած խաղաղապահներին
23.04.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ-ի հայտարարությա մեջ։
«Քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:
Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին», - ասված է հայտարարության մեջ:
Այսօր, ապրիլի 23-ին, Երեւանում ընթացող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներին միացել են նաև ՀՀ Զինված ուժերի մի խումբ խաղաղապահներ։
Նրանք դուրս են եկել իրենց զորամասից «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով ու ռազմական համազգեստով միացել են բողոքի երթին։ «Միացել ենք մեր ժողովրդին», - ասացին նրանք ու այլ մանրամասներ չհայտնեցին։
Հայաստանի խղաղապահ ուժերը ՆԱՏՕ-ի կազմում ծառայություններ են անցնում Իրաքում ու Աֆղանստանում։ ՀՀ ՊՆ-ից դեռեւս չեն մեկնաբանում այս լուրը։
Արդեն 11 օր է ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել էր դեպի Էրեբունի` բողոքի ակցիաները շարունակելու համար։ Սակայն ճանապարհին ոստիկանության հետ բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։
Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։