Երեւանում Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիային միացել են ԶՈւ մի խումբ խաղաղապահներ
23.04.2018
Այսօր, ապրիլի 23-ին, Երեւանում ընթացող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներին միացել են նաև ՀՀ Զինված ուժերի մի խումբ խաղաղապահներ։
Նրանք դուրս են եկել իրենց զորամասից «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով ու ռազմական համազգեստով միացել են բողոքի երթին։ «Միացել ենք մեր ժողովրդին», - ասացին նրանք ու այլ մանրամասներ չհայտնեցին։
Հայաստանի խղաղապահ ուժերը ՆԱՏՕ-ի կազմում ծառայություններ են անցնում Իրաքում ու Աֆղանստանում։ ՀՀ ՊՆ-ից դեռեւս չեն մեկնաբանում այս լուրը։
Արդեն 11-րդ օր է ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել էր դեպի Էրեբունի` բողոքի ակցիաները շարունակելու համար։ Սակայն ճանապարհին ոստիկանության հետ բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են։
Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։