24.11.2024
Անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:


ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված անձինք, անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից նշված օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող անօրինական հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:


Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` հավաքի մասնակիցները շարունակել են իրենց անօրինական գործողությունները. պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: Նշված զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը:


ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:


Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:


Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:


Մեղադրյալներից Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է: