Հուսով ենք, որ ԵՄ-ն կպահպանի ԼՂ հարցում իր մոտեցումը. ԱԳՆ
Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Բրյուսելը կպահպանի միասնական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
Նշենք, ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
Նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում համաձայնագրի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ ԵՄ-ն բանակցում է Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ և նշել, որ Հայաստանը հույս ունի, որ իրավականորեն պարտադիր ձևակերպումները տեղ կգտնեն միասնական ոճաբանության և բառամթերքի տեսքով երկու երկրների համար: Թեման այսօր շարունակեց Ելք խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, ով փոխարտգործնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նույն մոտեցումները պահպանված են լինելու այդ համաձայնագրում:
«Միջազգային բանակցային պրակտիկան հուշում է, որ այդ քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, բայց մենք տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է նաեւ հակամարտությունների կարգավորման խնդիրը, այնպես ինչպես այն առկա է Հայաստան-ԵՄ փաստաթղթում: Մենք բազմիցս նշել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային եւ առավել կարեւոր հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտության մասին: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեր տեսանկյունից, այլ առհասարակ հակամարտության կարգավորման գործընթացը լավագույնս ապահովելու առումով։ Ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարված մոտեցումը»,- հայտարարեց Նազարյանը։ Ապա նաև հույս հայտնեց, որ դրա ականատեսը կլինենք շուտով և որ ԵՄ գործընկերները կդրսեւորեն իրենց սկզբունքայնությունը այդ հարցում: