Առաջիկայում ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկը
Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է, որ մոտ ժամանակներս ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը:
ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի խոսքով, Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, բայց հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը և արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Օրինակ, կատարել է այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը և հույս ունեն, որ դրանք արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից:
Նա նաև նշեց, որ 2017-2020 թվականների համար Հայաստանին ԵՄ օժանդակության ծավալը կկազմի շուրջ 170 մլն եվրո՝ փաստաթուղթն արդեն հաստատված է:
Հիշեցնենք, Ազգային Ժողովում ընթանում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը: