24.11.2024
Առաջիկայում ԵՄ կողմից կտրվի վիզաների ազատականացման մեկնարկը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԵՄ պատվիարկության պաշտոնյաները «օրհնել են» Սերժ Սարգսյանի դեմ պայքարը

Ապրիլի 9-ին ամբողջությամբ ավարտվեց Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարմանը, իսկ ՀՀ 4-րդ նախագահը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը: Տրանսֆորմացիաների ավարտական փուլը կազդարարի նաև ՀՀ վարչապետի ընտրությունը, որն, ըստ էության, այսուհետ հանդիսանալու է երկրի ղեկավարը՝ հենց իրեն է վերապահված ընդունել քաղաքական կարևոր որոշումները: Ինչպես և կանխատեսվում էր՝ այս պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը, թեև հստակության համար հարկավոր է սպասել ապրիլի 17-ին, երբ ԱԺ-ն կընտրի նոր վարչապետին:


Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Ինչպես ասում են՝ այստեղ որևէ ինտրիգ չկար: Կարապետյանը մասնավորապես նշեց, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումն ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է, և հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել են իրենց կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 


Մինչդեռ, քանի հասարակությունն ուշադիր հետևում է քաղաքական էլիտաների վերադասավորմանը, ընդդիմությունը հորդորում է քաղաքացիներին դուրս գալ փողոց և թույլ չտալ Սարգսյանի իշխանության շարունակականությունը: Այս նպատակով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցեցին «Հանուն Հայաստան Պետության ճակատի» ներկայացուցիչները և «Մերժիր Սերժին» շարժման անդամները: Հավաքներ նախատեսվում է անցկացնել ամեն օր, իսկ ապրիլի 13-ին հրավիրվել է մեծ հանրահավաք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և մյուսների մասնակցությամբ:


Առաջին հայացքից, որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանում, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրներում, կան դժգոհներ, որոնք իրավունք ունեն դուրս գալ փողոց և պահանջել իրենց պահանջների կատարում: Բայց քչերը ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ հանրահավաքից առաջ բոլոր ժամանակների և ժողովուրդների «ալտրուիստները» օրհնեցին հայ հասարակության պայքարն ընդդեմ Սերժ Սարգսյանի:


Ապրիլի 6-ին «Հանուն Հայաստան Պետության ճակատի» ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Եկատերինա Դորոդնովայի և Անդրեա Խալուպովայի հետ: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում ճակատի ներկայացուցիչները պատմել են իրենց ծրագրերի մասին, որոնք միտված են ՀՀ հետագա զարգացմանը: Քննարկվել է նաև ներքաղաքական ներկայիս իրավիճակը և ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Բացի այդ, օրակարգում է եղել նաև «տարեց տարի Հայաստանում մարդու իրավունքների խախտումների դեպքերի ավելացման, քաղբանտարկյալների» հարցը: Համաձայնություն է ձեռք բերվել, որ կողմերը կշարունակեն հանդիպումները նման ձևաչափով:


Իհարկե, շատ հետաքրքիր է, թե ինչ կարող են քննարկել, նկատենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, ԶԼՄ-ների և տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարն ու քաղաքական հարցերով ու մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատուն քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ:  ԵՄ պատվիրակության պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ նրանք կապի մեջ են ու աջակցում են այն բոլոր ուժերի հետ, որոնք այս պահին փողոցային պայքար են մղում: Հանդիպման պահին ճակատը բազմիցս էր հանդես եկել հայտարարություններով ու մամուլի ասուլիսով ընդդեմ Սերժ Սարգսյանի: Հաշվի առնելով սա, կարելի է ենթադրել, որ եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ և օրհնել նրանց պայքարը Սարգսյանի դեմ: Նման գործելաոճը միշտ հարիր է արևմտյան պաշտոնյաներին, իսկ փողոցում ակտիվիստների հաջողության դեպքում նրանք կհայտարարեն իրենց նպատակների մասին, որոնք այսօր էլ շատ չեն թաքցնում՝ հայաստանյան էլիտայի տոտալ ենթարկում և Հայաստանի իրական շահերից հրաժարում հօգուտ Արևմուտքի շահերի:


Հայ ժողովուրդը վաղուց չի հավատում քաղաքական գործիչներին, որոնք բղավում են ինչ-որ բանի դեմ, բայց կոնկրետ ելքեր իրավիճակից ու այլընտրանքային լուծումներ չեն առաջարկում: Փողոցային պայքարը Հայաստանում վաղուց կորցրել է իր արժեքն ու նշանակությունը, քանի որ փողոցում իրենց առաջնորդ են հռչակել բոլորը, ում մտքով դա անցել է: Վերջին տարիներին տաք եղանակների հետ միասին Հայաստանում ազդարարվում է հանրահավաքների սեզոնի բացում, որոնց հայտնվում են «փրկիչներ», որոնք վաղուց արդեն լուծած կլինեին ղարաբաղյան հարցը, երկիրը դարձրած կլինեին Սինգապու, կոռուպցիան էլ արմատախիլ արած կլինեին, եթե լինեին իշխանության ղեկին: Սակայն մարդիկ վաղուց նման փրկիչների չեն հավատում, և դրանով էլ պայմանավորվում է այն, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում այսօր փողոցում այդքան քիչ մարդ ենք տեսնում:


Արման Ղուկասյան