ՀՀ-ն ակնկալում է Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագրի միասնական ոճաբանություն
«ՀՀ և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության հաջողության պատմություններից մեկն է: Այս մասին համաձայնագրի վավերացմանը նվիրված քննարկմանը այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, Հայաստանն առաջին անգամ եվրասիական ցամաքում ցույց տվեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե առկա է քաղաքական կամք: Այն, որ այս շաբաթ Ազգային Ժողովը համաձայնագիրը կվավերցնի Աշոտյանը չի կասկածում: Դրանով, նշեց նա, մեծ աշխատանքի մեկնարկ է տրվում խորհրդարանական բոլոր հանձնաժողովներում:
Արմեն Աշոտյանը մատնացույց անելով մի հանգամանքի` նշեց.
«Տեղյակ ենք, որ բանակցվում է նաև Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագիրը, և մենք իրոք ակնկալում ենք, որ իրավականորեն պարտադիր ձևակերպումները տեղ կգտնեն միասնական ոճաբանության և բառամթերքի տեսքով երկու երկրների համար: Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության համար, սա նախևառաջ կարևոր է ԵՄ-ի համար՝ ընդգծելու, որ այս փաստաթուղթն իրոք ունի ուժ և ոչ թե սեկտորալ համագործակցության համար փող տալու համաձայնագիր է»,- շեշտեց նա:
Հանձնաժողովի նախագահը ավելացրեց, որ համաձայնագիրը ունի քաղաքական կարևորություն, բայց այն չի սահմանափակվում ՀՀ համար միայն ոլորտային ցուցանիշներով այս կամ այն ուղղություններով ԵՄ-ից ֆինանսներ ակնկալելու և փող ստանալու գերակայությամբ: